Անցած գիշեր կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող Ակկումոլի և Ամատրիչե քաղաքներում վրանային քաղաքներ կստեղծվեն առանց տանիքի մնացած մարդկանց համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Իմմակոլատա Պոստիլյոնեն:
Ավելի վաղ Ակկումոլիի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչին տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ քաղաքում ապրելու պիտանի ոչ մի շենք չի մնացել: «Մենք պետք է վրաններ դնենք ամբողջ բնակչության համար, քանի որ գիշերը օդի ջերմաստիճանն այստեղ կազմում է մոտ 10 աստիճան ջերմություն»,- ասել է նա:
Ակկումոլիի բնակչությունը կազմում է մոտ 700 մարդ, բայց Պետրուչիի խոսքով՝ հիմա այնտեղ մոտ 2 000 հանգստացող կա, որոնք գնացել են իրենց հարազատների և ծանոթների մոտ հանգստանալու: «Մենք բոլորին կօգնենք, բայց ավելի լավ կլինի, եթե նրանք (հանգստացողները) մեկնեն»,- ասել է քաղաքապետը:
Իսկ Ամատրիչե քաղաքի ղեկավար Սերջիո Պիրոցցին հայտնել է, որ մոտ 3 000-հոգանոց այդ քաղաքի գործնականում կեսը «այլևս չկա»:
Իտալիայի Մոլիզե շրջանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են մոտ ժամանակներս 400 վրան ուղարկել երկրաշարժից տուժածներին տեղավորելու համար: Իտալիայի եպիսկոպոսաց խորհրդաժողովը (CEI) հատկացրել է 1 մլն եվրո շտապ օգնության ցուցաբերելու համար: Սեպտեմբերի 18-ին Իտալիայի բոլոր եկեղեցիներում տեղի կունենա միջոցների հանգանակություն տուժածների համար:









































