Հայաստանի ներքաղաքական գործընթացի զարգացման շուրջ առկա բանավեճի առանցքային կետերից է գաղափարական պայքարի անհրաժեշտությունը: Փորձագիտական մի զգալի շրջանակի մոտ առկա է համոզմունք, որ ներկայիս իշխանական համակարգին իրական այլընտրանք դառնալու և դրա միջոցով երկրում իրավիճակի առարկայական փոփոխության հասնելու համար հույժ կարևոր պայման է գաղափարական պայքարի առկայությունը: Չվիճարկելով գաղափարական պայքարի կարևորությունը, այդուհանդերձ, համարձակվեմ կարծել, որ մենք կարծես թե գործ ունենք հերթական մի կարծրատիպի հետ: «Գաղափարական պայքար» կամ «գաղափարական բևեռ» հասկացությունը կարծես թե դառնում է ինքնանպատակ մի կարգախոս, առավել ևս, որ գաղափարական պայքարի կողմնակիցները կամ ջատագովները չեն էլ մանրամասնում, թե օրինակ` ինչ գաղափարի մասին կարող է լինել խոսքը, ինչ ընդգրկում պետք է ունենա այդ գաղափարը:
Ընդհանրապես արատավոր իշխանական համակարգի դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է առաջնորդվել մի գաղափարով, որը ներառում է պետության սահմանը, առնչվում է պետության և նրա քաղաքացիների կյանքին: Ո՞րն է այդ գաղափարը: Այդ գաղափարը գտնելու համար հարկավոր է հասկանալ, թե ի՞նչն է ներկայիս արատավոր համակարգի հիմքը, ի՞նչն է պետության և հասարակության կյանքի արատների առանցքը: Հազիվ թե որևէ մեկի համար վիճարկելի լինի, որ այդ ամենի հիմքն ու առանցքը Հայաստանում օրենքի հանդեպ քամահրական վերաբերմունքն է, որ ունի իշխանությունը, ու որը փորձում է տարածել հանրության հնարավորինս լայն շերտերում:
Այդպիսով, քաղաքացիներին փորձում են ցույց տալ, որ գործնականում մարդը կարող է այս երկրում հաջողություն ունենալ միայն օրենքը չնկատելու, իսկ նկատելիս էլ օրենքի հանդեպ հարգալից վերաբերմունքի բացակայության դեպքում: Փաստն այն է, որ քաղաքացիների, հասարակության մի զգալի հատված, այդուհանդերձ, տրվում է այդ մթնոլորտին, քանի որ անօրինականությունը` իր դրսևորման զանազան ձևերով ու մասշտաբներով հանդերձ, շատերի համար դարձել է արդեն գրեթե լինել-չլինելու խնդիր: Ի՞նչ գաղափար կարող է հակադրվել համակարգային այդ մտածողությանը, որը կարծես թե արդեն վերածվել է հասարակական մտածողության: Չէ՞ որ ցանկացած գաղափարի հետևից գնալու համար քաղաքացին պետք է ապրի, իսկ ապրելու համար նրան ստիպում են անօրինականություն դավանել կամ ակամա սնել անօրինականությանը: Օրինակ` օգտվելով սուպերմարկետներից ու շուկաներից, երթուղային տաքսիներից, ծառայության ու սպասարկման այլ օբյեկտներից, կենցաղային այլ գործունեության պարագայում քաղաքացին ինքնաբերաբար նպաստում է անօրինականության վրա խարսխված համակարգի հարստացմանը, ֆինանսական ամրապնդմանը` այն պարզ պատճառով, որ այդ ամենը համակարգի ներկայացուցիչների սեփականությունն է:
Այստեղ էլ վրա է հասնում այն համոզումը, որ խնդիրը գաղափարը չէ, քանի որ նույնիսկ գաղափարական ընդդիմության պարագայում չկա երաշխիք, որ դառնալով իշխանություն` այդ ընդդիմությունն ինքն էլ գաղափարները շատ հանգիստ չի դարձնի ընդամենը գեղեցիկ կենաց, իսկ իրականում ձեռնամուխ չի լինի հասարակության, մարդու բնազդների վրա կառավարելու գործին:
Հետևաբար, պետք չէ ընդդիմության պայքարի անկյունաքար հռչակել գաղափարականությունը` ինչ ուժ էլ որ լինի ընդդիմության լոկոմոտիվը: Դա, թերևս, ընդդիմությանը ընդամենը զրկում է ճկունությունից, սահմանափակում նրա քաղաքական ընթացքի թեթևությունը: Խնդիրը անձերին կուրորեն հավատալը չէ: Անկյունաքար պետք չէ դարձնել թե գաղափարը, թե որևէ անձի: Թերևս մեծ տարբերություն չկա` գաղափարի՞ն ես կուրորեն հավատում, թե՞ անձին: Ի վերջո, գաղափարն էլ անձերն են ներկայացնում և իրականացնում, հետևաբար խաբողը կխաբի նաև գաղափարով, դավաճանողը կդավաճանի նաև գաղափարին: Ընդդիմության պայքարի հիմքում, թերևս, պետք է դնել կենսակերպը, օրինականության և հանրային, քաղաքացիական պարկեշտության վրա հիմնված կենսակերպը: Դա նույնպես երաշխիք չէ հետագա հավատարմության, բայց դա ցանկացած գաղափարից և անհատից ավելի հասկանալի է քաղաքացուն, որին դրել են անօրինական գոյության պարտադրանքի առաջ:











































