Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Անկարայում անցկացվել է Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստ, որը տևել է 1 ժամ և 20 րոպե:
Չանքայա նստավայրում անցկացված այդ նիստը նախագահել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Դա YAŞ-ի երկրորդ նիստն էր՝ սկսած հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից: Ընդգծվում է, որ դա առաջին դեպքն է, երբ մեկ տարում անցկացվում է YAŞ-ի միանգամից երկու նիստ:
YAŞ-ի նիստին մասնակցել են Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարը, փոխվարչապետեր Նուրեթթին Ջանիքլին, Նուման Քուրթուլմուշը, Մեհմեթ Շիմշեքը, Թուղրուլ Թուրքեշը, Վեյսի Քայնաքը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն ու ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Աբիդին Ունալը:
Նիստն անցել է բավական գաղտնի պայմաններում: Նիստի ժամանակ ընդունված որոշումները դեռ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ YAŞ-ի անդամների թվում գերակշռել են քաղաքացիական անձինք:




































