Ուղղակի և անուղղակի ձևով Ղարաբաղում ստատուս-քվոն կապված է տարածաշրջանային իրադարձությունների և զարգացումների հետ, սակայն մոտ ապագայում ստատուս-քվոն կմնա նույնը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ղարաբաղում ստատուս-քվոյի ինչ փոփոխություն կլինի Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո։
«Ըստ իս՝ դիվանագիտական առումով մոտ ապագայում ոչ մի փոփոխություն չի լինի, որովհետև ինչ եղավ Շտեֆան Ֆյուլեի հանդիպման հետ մեկ բան է, Մինսկի խմբի գործընթացը պետական մակարդակի վրա՝ մեկ այլ բան։ Դրանք երկու տարբեր մակարդակներ են. մեկն՝ ուղղակի Եվրոպայի հետ, մյուսը՝ ուղղակի պետությունների, և գիտենք, որ Եվրոպական միությունը պետություն չէ: Լավ է եվրոպական մակարդակի վրա մեկ բան ասել, բայց չմոռանանք որ ԵՄ-ն քաղաքական մեխանիզմ չէ, դիվանագիտություն չունի և ոչ էլ մարտական ապահովություն ունի, այսինքն ուրիշ իմաստ կլիներ, եթե Գերմանիայի, Ֆրանսիայի արտգործնախարարն ասեր այն, ինչ Ֆյուլեն ասաց Հայաստանի նախագահին»,- մեկնաբանեց Կ. Մինասյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է Մոլդովա կատարած իր այցի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Հայաստանի ապօրինի շրջափակման հարցին՝ շեշտելով, որ փակ սահմաններն իրենց բնույթով հակասում են Եվրոպական միության էությանն ու արժեհամակարգի առանցքին, Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու պատրվակ լինի, ինչին նա պատասխանեց. «Ո՛չ պատրվակ է, ոչ՛ պարտություն։ Միայն դիվանագիտական խոսակցություններ և բանակցություններ են: Ըստ իս՝ խելացի ձևով հայտարարեց: Լավ է, որ ասվեց, ավելի լավ կլինի, եթե ուղղակի Գերմանիայի, Անգլիայի նախարարները միասին կամ զատ-զատ ասեին։ Այդպես ասելով՝ Սերժ Սարգսյանը փոխանցում է Եվրոպային, Թուրքիային, Ռուսաստանին և ամերիկացիներին, թե մենք պատրաստ ենք, բայց Թուրքիան չի բացում սահմանը: Երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, նայում է դեպի խաղաղություն, բայց խաղաղության նայել այն դեպքում, երբ սահմանը փակ է Թուրքիայի պատասխանատվությամբ, դժվար է։ Հիմա Սերժ Սարգսյանը խելոք ձևով հայտարարում է՝ ուզում եք պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, ամեն ինչ պետք է անեք, որ սահմանը բացվի, դա ձեր գործն է և ոչ մեր պատասխանատվությունը»:
Կայծ Մինասյանն անդրադարձավ նաև Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին և նրան, որ երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որը կկանոնակարգի դրանք. «Սովորական համագործակցություն է Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ես չեմ կարող ասել՝ ինչ կարող է անել Հայասատանն այդ առումով, իշխանությունները գիտեն: Բայց երբ Ռուսաստանը համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, հետո Թուրքիան՝ Ադրբեջանի, ուրեմն Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ անում են, որ իրենց ազդեցությունը տարածվի, պահպանվի և իբրև կնքահայր մոտենան Ղարաբաղի հարցին՝ «այդ շրջանը մեզ է պատկանում» իմաստով: Հայաստանն ավելի կարևորություն ունի երկու պատճառվ. առաջինը՝ Արևմուտքը գիտի, որ Հայաստանը Եվրոպա եթե նայի՝ դա անուղղակի ձևով կտկարացնի Ռուսաստանին, հետո՝ Ռուսաստանն իր ուզած ձևով չի կարող անել այն, ինչ տասը տարի առաջ:
Եվ չմոռանանք որ «Նաբուկո»-ի հարցը վերջացավ, և Հունգարիան, Ռումինիան դժգոհ են Ադրբեջանից՝ Սաֆարովի հետ կապված: Հունգարիայի իշխանությունները դժվար կացության մեջ են՝ «Նաբուկո»-ի հետ կապված, հետո Ռումինիայի պատվիրակությունը եկավ Հայաստան, մեծ հետաքրքրություններ կան համագործակցելու՝ քաղաքական և տնտեսական կոնտեքստում։ Չմոռանանք նաև, որ Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է»:
Ըստ Մինասյանի՝ Սերժ Սարգսյանը լավ պատասխան տվեց Մոլդովային, և Հայաստանի իշխանությունները, նրա կարծիքով, պետք է ուղղակի հարցնեն Բեռլինին, Փարիզին, Լոնդոնին՝ նախագահի վարչապետի մակարդակով, արդյոք համաձա՞յն են Ֆյուլեի հայտարարությունների հետ, ի՞նչ կարող եք երաշխավորել, որ մենք ստորագրենք Ասոցացման պայմանագիրը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ապահովության և զարգացման գործընթաց կա, և Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի. «Գնում ենք դեպի արձանագրություններ, բայց ուրիշ ձևով՝ նոր հանգրվան է բացվում Հայաստանի քաղաքական, դիվանագիտական, ռազմաքաղաքական, տնտեսական պատմության մեջ։ Նոր Հայաստանը սա է:
Նոր հանգրվան կբացի Եվրոպայի հետ, բոլոր լծակները փոխվելու են, բայց Հայաստանի հասարակությունը և Հայաստանի քաղաքական ուժերը պետք է տրանսֆորմացնեն Հայաստանի կարգավիճակը դեպի ժողովրդական պետականություն, այսօրվա ֆեոդալական կարգավիճակը պետք է փոխվի, և ըստ իս՝ արդեն իսկ փոխվում է»։











































