Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում է հացահատիկի բերքահավաքը: Հիմնականում այն շարունակվում է բարձր, առանձին տեղերում՝ ռեկորդային արդյունքներով:
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի տնտեսություններում այսօր դիտարկումներ է անցկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատանքային այցի ընթացքում գյուղնախարարին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախարարի առաջին կանգառը Վարդենիսի ֆերմերային տնտեսության ղեկավար Էդուարդ Նալբանդյանի սերմնաբուծական տնտեսության պահեստավորման կետում է եղել, ուր արդեն պահեստավորվում է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 3 տեսակի բարձրորակ սերմացուներից ստացված բերքը։
Այնուհետ Սերգո Կարապետյանը ֆերմերային տնտեսությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածություններ, տեղում ծանոթացավ ինչպես հացահատիկի բերքահավաքի ընթացքին, այնպես էլ՝ կարտոֆիլի ցանքերից սպասվող բերքի մոտավոր արդյունքներին: Ինչպես գյուղնախարարին և Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել է ֆերմերային տնտեսության ղեկավար Աշոտ Գրիգորյանը, նման բերքատվություն մարզի տնտեսությունները չեն ապահովել վերջին 30 տարիների ընթացքում:
«Այս տարի կատարել եմ 100 հեկտար ցանք: Նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով ավել է ապահովում հացահատիկի, 100 տոկոսով ավել՝ կարտոֆիլի բերքը: Աշնանացան ցորենի 1 հեկտարի միջին բերքատվությունը մեր տնտեսությունում կազմել է 60-70 ցենտներ, կարտոֆիլի 1 հեկտարից էլ ակնկալում ենք մինչեւ 450-500 ցենտներ բերք»-ներկայացրել է Աշոտ Գրիգորյանը:
Այցի ավարտին նախարար Սերգո կարապետյանը ներկայացրել է իր կանխատեսումները և տպավորությունները, Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումները:
«Օգոստոսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտվել է մոտ 65 տոկոսով և չափազանց բարձր ու գոհացուցիչ արդյունքներով:Մեկ հեկտարի միջին բերքատվությունը մարզում 40 ցենտներից պակաս չի ստացվում, իսկ առանձին ֆերմերային տնտեսություններում և ցանքաշրջանառություն կիրառած հողերում մեկ հեկտարից ստացվում է մինչև 70-80 ցենտներ բերք: Չափազանց առատ է նաև անասնակերը, որի բերքահավաքը ևս ընթացքի մեջ է՝ ապահովելով բարձր ցուցանիշներ: Նախորդ տարվա համեմատ Գեղարքունիքում 3,6 տոկոսով ավելացել է խոշոր, 4,2 տոկոսով՝ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Անասնագլխաքանակի աճն ավելի շատ պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ներդրմամբ, ինչի արդյունքում ջրարբիացվել են տասնյակ հազարավոր հեկտար արոտավայրեր, գյուղատնտեսական նորաստեղծ կոոպերատիվները ապահովվել են գյուղատնտեսական նորագույն տեխնիկաներով: Մինչև 2020 թվականը նույն ծրագրում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի նոր համայնքներ: Կշարունակվեն պետական աջակցության զանազան ծրագրերը»,-հավաստել է նախարարը:




































