Գերմանական Die Welt թերթում հոդված է հրապարակվել Վրաստանի մասին, որում, մասնավորապես, նշված է, որ բոլոր կողմերից ավտորիտար և գերազանցապես մուսուլմանական երկրներով շրջապատված Վրաստանը կարողացավ հաղթահարել իր նախկին խնդիրները՝ կոռուպցիան ոստիկանությունում, արդարադատությունում, մաֆիան հեռացավ երկրից՝ չհաշված այն մասը, որը նստած է բանտում:
«Իշխանությունները ստեղծեցին ազատական օրենսդրություն և քաղաքացիների համար դարձան ծառայությունների մատակարարներ: Սակայն այն, ինչ առնչվում է շարքային քաղաքացիներին, էլ ավելի շատ վերաբերում է գործարարներին:
Իշխանությունները գիտեն, որ միայն բիզնեսն է ստեղծում աշխատատեղեր, և դրա համար էլ բառացիորեն ամեն կերպ աջակցում են գործարարներին:
Օրինակ՝ նա, ով ցանկանում է հիմնել նոր ընկերություն, պետք է դրա վրա ծախսի մոտ 15 րոպե, իսկ 3-4 ժամ հետո նրա հեռախոսին գալիս է SMS հաղորդագրություն այն մասին, որ նրա ընկերությունն ընդգրկվել է ընկերությունների գրանցամատյանում:
Բացի այդ, ավտոմատ բացվում է բանկային հաշվեհամար: Թբիլիսին ներկայացնող տնտեսագիտության պրոֆեսոր և ձեռնարկատեր Լևան Նեբիրիձեն հայտարարել է, որ դեռ 10 տարի առաջ երիտասարդ սերնդի մոտ ապագա մասնագիտությանը վերաբերող հարցի ամենատարածված պատասխանը եղել է քրեական հեղինակությունն ու քրեական հեղինակության կինը:
Սաակաշվիլին ներդրել է մաֆիայի հանդեպ զրոյական հանդուրժողականություն: Վրաստանի փողոցները դարձել են անվտանգ: Մեծ նշանակություն է տրվում թափանցիկությանը. յուրաքանչյուր նիստ այսօր տեսագրվում է, իսկ կաշառքի փորձերը խստապես պատժվում են»,- ասվում է հոդվածում:









































