ԱՄՆ արդարադատության նախարարությունը խստացրել է լրագրողների հանդեպ հետաքննություն անցկացնելու սեփական կանոնները, որպեսզի չոտնահարի մամուլի ազատությունը: Նորարարությունները զեկույցի ձևով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ներկայացրել է արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը՝ հաղորդում է ITAR-TASS-ITAR-TASS-ը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մեթ Լերիչը հայտարարել է, որ Օբաման համաձայնվել է արդարադատության նախարարության առաջարկների հետ:
Գերատեսչությունը ստիպված է եղել նման մշակում պատրաստել աղմկալի սկանդալից հետ, որը ծագեց մայիսին: Այդ ժամանակ պարզվեց, որ արդարադատության նախարարությունը տվյալներ է հավաքել Asoociated Press ամերիկյան խոշոր գործակալության թղթակիցների հեռախոսազանգերի , էլեկտրոնային նամակների վերաբերյալ:
Նախարարության հայտարարության համաձայն` այսուհետ նման հետաքննչական գործողությունների կազմակերպման դեպքում իրենք նախօրոք տեղյակ կպահեն լրագրողների գործատուին` հետաքրքրող տեղեկատվության հասանելիություն ստանալու համար: Բացառություն կկազմեն միայն այն դեպքերը, երբ նախարարությունը կորոշի, որ գործատուին տեղյակ պահելը կարող է խափանել հետաքննության անցկացումը:
Բացի այդ, ԱՄՆ արդարադատության նախարարությունն այսուհետ լրագրողների էլեկտրոնային փոստի հասանելիություն կստանա միայն այն դեպքում, եթե նրանք հայտնվեն քրեական հետաքննության օբյեկտի կենտրոնում, որը կապված չէ նրանց մասնագիտական գործունեության հետ:
Մամուլին առնչվող խուզարկությունների հրաման այսուհետ կարձակի միայն արդարադատության նախարարության ղեկավարը:
Լերիչի խոսքերով` Օբաման նախարարության կատարած աշխատանքը համարում է կարևոր քայլ` խոսքի ազատության և ազգային անվտանգության միջև հավասարակշռությունն ապահովելու համար:









































