Coca-Cola-ն սկսել է սառույցից պատրաստված շշերում ըմպելիքի սահմանափակ վաճառք: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Արտասովոր ակցիան անցկացվում է Ogilvy & Mather Bogota ստեղծագործական գովազդային ընկերության հետ համագործակցությամբ:
Սառցե շիշն ունի Coca-Cola-ի սովորական ապակե շշի ձև: Ըմպելիքի անունը փորագրված է սառույցի վրա: Որպեսզի մարդկանց ձեռքերը սառույցին չդիպչեն, շշի վրա հագցվում է կարմիր ռետինե օղակ: Ըմպելիքը վերջանալուց հետո, ռետինե օղակը կարելի է օգտագործել որպես ապարանջան:
Այս պահին սառցե շշերով Coca-Cola-ի վաճառքն իրականացվում է միայն Կոլումբիայում: Ըմպելիքի ժողովրդականությունն արտասովոր տեմպերով է աճում: Ժամում վաճառվում է մոտ 265 շիշ: Ներկայում դիտակվում է այլ երկրներում արտադրանքի իրացման հնարավորությունը:









































