Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ստորագրել են մի հուշագիր, որը վերաբերում է Հայաստանում գործարարների միջև վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի զարգացմանը, ինչը միտված է գործարար միջավայրի բարելավմանը: Ըստ հուշագրի՝ ԱՄՆ-ը օժանդակություն է ցուցաբերելու այլընտրանքային կարգավորման համակարգի ձևավորմանը:
Սա, իհարկե, չափազանց կարևոր նախաձեռնություն է՝ հատկապես դատաիրավական համակարգի խայտառակ որակի պայմաններում: Այդ համակարգը բարեփոխելը ըստ էության հիշեցնում է դինոզավրից մանեկենուհի ստանալը, ինչը գործնականում դարձել է անհնար՝ ելնելով մի շարք պատճառներից: Այլընտրանքային կարգավորման համակարգը կարող է հանդիսանալ, այսպես ասած, հակադիր էֆեկտի արտացոլում, ինչը միգուցե նաև մրցակցություն կհաղորդի դատական, այսպես ասած, ավանդական համակարգին և կօգնի ինչ-որ բան այնտեղ էլ փոխելու հարցում: Սակայն այս ամենից զատ՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բարձրացրել է մի խնդիր, որը կարելի է համարել հիմնարար՝ բոլոր բարեփոխումների առումով: Նա նշել է, որ Արևմուտքի համար շատ կարևոր է Հայաստանում ունենալ հուսալի, վստահելի գործընկերներ, որոնց օգնությամբ բարեփոխումները կարող են առաջ գնալ: Դեսպանը նշել է, որ դրա համար էլ արդարադատության նախարարության հետ նախաձեռնում են այս գործընթացը, որպեսզի գործարարները ունենան վեճերի կարգավորման այլընտրանքային հնարավորություններ:
Մի կողմից՝ սա անվստահության ակտ է Հայաստանի, այսպես ասած, դատաիրավական բարեփոխումների հանդեպ, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանության հանդեպ ընդհանուր առմամբ ու նաև՝ քաղաքական ու հասարակական համակարգի: ԱՄՆ-ը, ըստ էության, հայտարարում է գործընկերների բացակայության մասին: Արևմուտքի համար այդ հարցն իսկապես ցավոտ է: Գործընկերության հավակնորդներ կան տարբեր հարթություններում՝ և հասարակական, և քաղաքական, և իշխանական, սակայն ըստ էության չկա այն գործընկերը, որը իրապես վստահելի և լիարժեք համագործակցության սուբյեկտ կլինի Արևմուտքի համար:
Այս խնդիրն առկա է տարիներ շարունակ, սակայն ըստ էության առաջին անգամ է այդ մասին բարձրաձայնվում դեսպանական մակարդակով, ինչը վկայում է, որ խնդիրը Արևմուտքի համար դարձել է մի կողմից՝ առավել կարևոր, իսկ մյուս կողմից էլ՝ զգալիորեն խանգարող՝ Հայաստանի բարեփոխման ծրագրերի արդյունավետության տեսանկյունից: Այսինքն՝ իրականում այստեղ գործարար միջավայրի հարց չէ միայն, այլ ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերության՝ ամբողջական, ոչ միայն իշխանական շրջանակի ընդգրկմամբ:
Ինչ վերաբերում է արդեն մասնավորապես կոնկրետ ծրագրին, ապա այստեղ էլ գործընկերների բացակայությունը, այսինքն՝ վստահելի գործընկերների բացակայությունը կարող է առկախել անգամ ամենալավ նախաձեռնությունը, և կոնկրետ օրինակով փաստացի դրսևորվում է ամբողջական, համակարգային արատը: Բանն այն է, որ եթե իշխանությունը չապահովի այլընտրանքային կարգավորման համակարգի աշխատանքը, ապա դրա առկայությունը, բնականաբար, ընդամենը նոր հիասթափություն կառաջացնի այն գործարարների մոտ, որոնք Հայաստանում սպասում են, ակնկալում են նորմա, օրինական, արդար բիզնես-միջավայրի առկայություն:
Խնդիրը, սակայն, այն է, որ այդ բիզնես-միջավայրում հարցերը կարգավորվում են բիզնեսի և իշխանության սերտաճման արատավոր փաստով, և ուժեղ, խոշոր բիզնեսմենը չի դիմում դատական կամ որևէ այլ համակարգի, այլ նախ՝ օգտագործում է իշխանության հետ սերտ կապերը կամ իր անձնական ներկայությունն իշխանության մեջ՝ հարցերը իր օգտին լուծելու համար, իսկ հետո նոր միայն օգտագործում է արդեն եղած ինստիտուտները՝ այդ լուծումներին ընդամենը ֆորմալ ձև հաղորդելու համար:
Եթե չկա դեսպանի նշած վստահելի գործընկերը, ապա արդարադատության նախարար կլինի, վարչապետ, թե նախագահ, հուշագրերի տակ ստորագրությունները դառնում են ընդամենը ֆիկցիա, որովհետև նույն այդ ստորագրող մարդը հետագայում սկսում է հղումներ անել ժամանակին, համբերատարության կոչ անել և այլն, և այլն: Եվ սա՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում:
Վերջում ստացվում է, որ արևմտյան ծրագրային ներդրումները ոչ թե ծառայում են հասարակությանը, այլ ընդամենը նպաստում են մեր կյանքի ձևական հատվածի ավելացմանը՝ իրական հատվածում փոխելով շատ քիչ բան: Իհարկե, Արևմուտքը կարծես թե համբերատար կերպով շարունակում է անգամ այդ քչին հավատարիմ մնալ, սակայն ի վերջո այդ համբերությունն էլ երևի թե սահման ունի՝ իշխանության անսահման ցինիզմի ֆոնին:








































