Սիրիական ազատ բանակի հրամանատարությունը «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը մեղադրել է պատերազմ սկսելու մեջ՝ հաղորդում է Reuters-ը:
Նման հայտարարության պատճառը Սիրիական ազատ բանակի գերագույն ռազմական խորհրդի իսլամիստ անդամ Քամալ Համամիի (Աբու Բասիր) սպանությունն է: Հուլիսի 11-ին նա գնացել էր իսլամիստների շտաբ՝ համատեղ գործողությունները քննարկելու, սակայն սպանվել է սկսված վեճի ժամանակ:
Վեճը ծագել է այն հարցի շուրջ, թե ով է վերահսկելու ռազմավարական կարևոր հսկիչ անցակետը Թուրքիայի հետ սահմանի վրա՝ Լաթաքիա մարզում:
Աբու Բասիրի կողմնակիցներն արդեն խոստացել են վրեժ լուծել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններից: Դեռևս հայտնի չէ, թե Սիրիական ազատ բանակն ինչ գործողություններ է նախատեսում ձեռնարկել իսլամիստների դեմ:








































