ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը այսօր վերադարձել է Հայաստան: Ինչպես հայտնի է, ՀՀ Վճռաբեկ դատարանը պատգամավոր Տիգրան Ստեփանյանին սնանկ է ճանաչել՝ բավարարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հայցը։
Ըստ բանկի հաղորդագրության` 2010 թվականի նոյեմբեր ամսից ՎՏԲ-Հայաստան բանկը բանակցություններ էր վարում պատգամավորի հետ` կապված վերջինիս կողմից բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ: Ըստ բանկի՝ 2011 թվականի նոյեմբերից սկսած` ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին, սակայն պատգամավորն այդպես էլ չի կատարել, և 2012 թվականի սեպտեմբերի 10-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը հայց էր ներկայացրել դատարան՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով: Այսօր մի քանի հարց ուղղեցինք ԲՀԿ պատգամավորին:
– Պարոն Ստեփանյան, դատարանը որոշում է կայացրել Ձեզ հարկադիր սնանկ ճանաչելու մասին, ո՞րն է ի վերջո պատճառը՝ ըստ Ձեզ: Ճի՞շտ է, որ պարտքեր ունեք բանկին:
– Ոչ, ես ոչ մի պարտք չունեմ, ես ընդամենը երաշխավոր եմ կանգնել: Մեր էդ ընկերոջ հետ հանդիպել եմ, ինքը խոստացել է մոտ 2- 3 ամսվա մեջ էդ գումարները ճարել, փակել պարտքը: Ես ֆինանսական ոչ մի խնդիր չունեմ: Ում համար որ երաշխավոր եմ կանգնել, խոստացել է, որ առաջիկայում բոլորը կվերականգնի:
– Իսկ համոզվա՞ծ եք, որ այդ գումարը կվերականգնվի:
– Անպայման, անպայման, անձամբ գնացել, խոսել եմ:
– Կասե՞ք, թե ինչ գումարի մասին է խոսքը, և ո՞վ է այդ մարդը:
– Էդ մարդու անունը ես չեմ տա, գումարն էլ էդքան մեծ չի:
– Սակայն բանկը հայտարարում է, որ Դուք եք պարտք, և 2010 թվականից է այդ խնդիրն առկա:
– Դե, իհարկե, ես պարտավորություն վերցրեցի, որ եթե ինքը չտա, ես կփակեմ պարտքը: Ասում էին` էսօր բերի, վաղը բերի, ես դրա համար գնացի, խոսեցի, ասեցին՝ էդ մարդիկ պատրաստ են 2-3 ամսվա մեջ վճարել:
– Ձեր գույքի վրա հիմա կալա՞նք է դրված:
– Այո, կալանք են դրել, բայց ես պայմանավորվածություն ունեմ, որ առաջիկայում կհանեն:
– Բանկի հետ արդեն պայմանավորվե՞լ եք:
– Ես այսօր եմ վերադարձել, երեքշաբթի կհանդիպենք բանկի հետ, կպայմանավորվենք, որ իրենք կգան, կներկայանան, բոլոր հարցերը կկարգավորեն:
– Փաստորեն Ձեզ ներքաշե՞լ են այս պատմության մեջ, պարոն Ստեփանյան:
– Լավ ընկերոջ համար ա, ոչինչ:
– Տեղեկություններ կան, որ ուզում եք գնաք Հայաստանից, ճի՞շտ է:
– Սուտ ա: Սա մեր երկիրն է, մեր հայրենիքն է: Ես ոչ մի տեղ ոչ պատրաստվում եմ, ոչ էլ գնալու եմ: Ո՞ւր պետք է գնամ: Ես ընդամենը բացակայել եմ երկու օրով: Ոչ մի խնդիր չունեմ ոչ մեկի հետ:
– Դուք էստեղ բիզնեսներ ունե՞ք:
– Ունենք, խի չունենք:
– Այժմ այդ բիզնեսները գործո՞ւմ են:
– Այո, այո, բոլոր իմ բիզնեսներն էլ գործում են:








































