ԱՄՆ վարչակազմն առաջին անգամ խոստովանել է, որ Վաշինգտոնի կողմից Թեհրանին այս տարվա հունվարի 17-ին կատարված 400 մլն դոլար վճարումը կապված է եղել նույն օրը իրանական բանտերից մի քանի ամերիկացիների ազատ արձակման հետ։
«Այժմ հայտնի է, որ մենք վերադարձրել ենք Իրանին իր 400 մլն դոլարը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում»,- ճեպազրույցում ասել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները իրանցի պաշտոնատար անձանց թույլ չեն տվել հանել ստացված գումարները, քանի դեռ 4 ազատ արձակված ԱՄՆ քաղաքացիներից 3-ով ինքնաթիռը Թեհրանից ԱՄՆ չի թռչի։ Չորրորդը լքել է Իրանի մայրաքաղաքը փոքր-ինչ ավելի ուշ։
Կիրբին խոստովանել է նաև դա. «Մենք մտավախություն ունեինք, որ Իրանը կարող է հրաժարվել բանտարկյալների փոխանակումից, այդ իսկ պատճառով, իհարկե, ձգտել ենք մեր ձեռքում առավելագույն լծակներ պահել՝ մինչև ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակման պահը»,- նշել է նա։








































