Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հրաչ Մուրադյանի գործով տուժողի իրավահաջորդ Արշակ Մուրադյանի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանը մի քանի ուշագրավ հանգամանք առանձնացրեց, որոնք, ըստ նրա, կօգնեն բացահայտել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը:
Նա հայտարարեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը վերջին օղակն էր նրա դեմ կատարված հանցագործությունների:
2010-ին, գիշերվա ժամը 4-ին, հրդեհել են Հրաչ Մուրադյանի ֆերմայում գտնվող խոտի դեզը: Հրշեջները անմիջապես ասել են, որ բացառում են եղանակային պայմաններով պատճառաբանությունը, կայծակի հավանականությունը, ինչը ենթադրում է, որ սա միտումնավոր արարք էր. նախաքննության մարմինը սա չպետք է անհետևանք թողնի:
Կատարվածին նույն թվականին հաջորդել է Հրաչ Մուրադյանի եղբոր որդու առևանգման փորձը Հրաչ Մուրդյանի բակից, որը վերածվել է ծեծկռտուքի, իսկ գործը կարճվել է:
Նույն օրը հաջորդել է Հրաչ Մուրադյանի մեքենայի և նրա եղբոր որդու ուղղությամբ կրակոցը, երբ Հրաչ Մուրադյանը փորձել է պարզել՝ ինչու են առևանգել եղբոր որդուն: Հրաչ Մուրադյանի ուղղությամբ կրակել են, սակայն անձինք ցուցմունք են տվել, թե Հրաչ Մուրադյանն ինքն է կրակել իր մեքենային:
«Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ ամեն ջաք գործադրելու եմ՝ հանցագործության բացահայտման համար»,- ասաց Մելանյա Առուստամյանը՝ հավելելով, որ կան որոշակի փաստեր, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել ու որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և երկարաձգվել:
Այնուամենայնիվ, նա որևէ անուն չտվեց, թե ովքեր են եղել առևանգողները, կրակողները և այլն:
«Մի բան փաստ է, որ այս բոլոր հանցագործությունների ենթադրյալ կասկածյալները այսօրվա մեղավորների շրջանակներում են»,- ասաց նա:
«Հանցագործությունների շղթա է տեղի ունեցել, և այս շղթայի բացահայտումը դուռ կբացի սպանության ամբողջական բացահայտման համար»,- ասաց Աղվան Վարդանյանը
Անդրադարձ եղավ հուլիսի 14-ին կայանալիք Պռոշյանի գյուղապետի ընտրություններին:
Աղվան Վարդանյանը նշեց, որ այս ընտրությունների մասին խոսելու նպատակ և ցանկություն չունի, ապա հավելեց, որ դաշնակցական Վովա Սահակյանը ինքնաառաջադրվել է, իսկ նպատակը եղել է գյուղում լարվածության թուլացումը:
«Մենք ամեն ինչ արել ենք, որ այս գյուղում անցկացվեն նորմալ ընտրություններ, և մեր թեկնածուն էլ հայտարարել է, որ եթե արդար ընտրություն լինի, մենք կշնորհավորենք հաղթողին, բայց եթե լինի այնպես, ինչպես մյուս ընտրություններին, ապա լարվածությունը կմեծանա»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Այնուամենայնիվ, արդեն ընտրություններից առաջ ահազանգեր կան:









































