Ապրիլյան պատերազմից հետո հաստատված հրադադարից ամիսներ անց, այսպես կոչված, բանակցային գործընթացին զուգահեռ՝ հասարակության համար առանցքային հարցադրումներից մեկը, բնականաբար, մնում է պատերազմական գործողությունների վերսկսման կամ նոր պատերազմի խնդիրը: Առավել ևս, որ կարծես թե հենց այդ խնդիրը կամ նպատակն են իրենց առաջ դրել նաև միջնորդ երեք պետությունները, համենայնդեպս՝ հայտարարությունների մակարդակում: Նրանք ասում են, որ առանցքային հենց այդ հարցն է ապրիլյան պատերազմից հետո իրենց ջանքերի հիմքում, և այդ նպատակն է գերական Սարգսյան-Ալիև բանակցություններում կամ հանդիպումներում:
Իսկապես, կընդհատվի՞ ապրիլից հետո կամ ավելի ճիշտ՝ մայիսից հաստատված խաղաղությունը նոր պատերազմով, թե՞ ոչ: Ակնհայտ է նաև, որ գերակա պատասխանն այն է, որ պատերազմն անխուսափելի է, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հանդես են գալիս անզիջում դիրքերից: Ընդհանուր բնութագրով, իհարկե, տրամաբանությունը հենց այդպես էլ հուշում է՝ եթե երկու կողմն էլ անզիջում են, ուրեմն պատերազմն անխուսափելի է:
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ երկու կողմն էլ այն սուբյեկտները չեն միջազգային քաղաքականության մեջ, որ գնան պատերազմի ինքնուրույն որոշմամբ, քանի որ պատերազմ ասվածը չի նշանակելու քարերով կռիվ, այլ ենթադրելու է տարածաշրջանային ուժգին ալիք: Հետևաբար պատերազմի հարցում առանցքային դեր ունի այն, թե ինչ դիրքորոշում են ունենալու միջնորդները, նաև՝ Իրանը, նաև՝ Թուրքիան: Ինչ կարող ենք ասել այս առումով:
Նկատելի է, որ առայժմ պատերազմի հրահրման կամ խրախուսման մտադրություն չունի ոչ ոք: Ավելին, կարծես թե չկա նաև հնարավորություն՝ մի շարք գործոններից ելնելով: Այստեղ, իհարկե, առկա է մի սկզբունքային հարց: Նոր պատերազմի հավանականությունը հակադարձ համեմատական է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ամրությունից: Ինչքան ամուր են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այնքան փոքր է նոր պատերազմի հավանականությունը: Եվ հակառակը՝ որքան թույլ են, այնքան մեծ է այդ հավանականությունը: Սա առաջին հայացքից աքսիոմատիկ է թվում, սակայն իրականում միանգամայն «հողեղեն» հանգամանք է:
Խնդիրն այն է, որ պատերազմը, անկասկած, հակամարտության կարգավորման ամենաառանցքային և թերևս միակ տարբերակն է: Մյուս տարբերակը հակամարտության քաղաքական «ինտեգրացիայի» տարբերակն է, երբ Լեռնային Ղարաբաղը և ստատուս քվոն կներառվեն քաղաքական առկա իրողությունների մեջ, և այդպիսով տեղի կունենա, որպես այդպիսին, հակամարտության տրանսֆորմացիա քաղաքական ռեալությունների, որի հետ հաշվի կնստեն բոլորը:
Այդ տարբերակը կախված է հենց Հայաստանի ուժից: Ուժ ասվածը ենթադրում է թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային բաղադրիչ: Այսինքն՝ ենթադրում է արդիական արժեհամակարգով պետականություն, որը իր կառավարման և հանրային համակեցության ցուցիչներով կպատկանի ամենաբարձր ստանդարտների: Եվ ուրեմն՝ կա՛մ Հայաստանն ու Ղարաբաղը նման ստանդարտների և որակների ներդրման միջոցով կարգավորումը կփոխարինեն «ինտեգրացիայով», կա՛մ պատերազմն իսկապես անխուսափելի է կլինի, և այժմ ընթանում է դրա նախապատրաստությունը:
Իհարկե, դա չի նշանակում բռնկում հենց վաղը, սակայն Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո փորձելու է էլ ավելի մեծացնել իր պոտենցիալը, նրա դաշնակից Ռուսաստանը և Թուրքիան օգնելու են նրան այդ հարցում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքա՞ն կտևի դա, որքա՞ն ժամանակ հետո Ադրբեջանն ու նրա դաշնակիցները կհամարեն, որ նորից կարող են փորձել և այս անգամ հաջողել:
Եվ այս իմաստով Հայաստանն ու Ադրբեջանն ըստ էության մտել են սառը պատերազմի փուլ: Ի՞նչն էր սառը պատերազմի էությունը: Ամենևին ոչ միայն սպառազինությունների մրցավազքը: Իրականում ակնհայտ դարձավ, որ սառը պատերազմի ելքը ոչ թե սպառազինությունների ծավալը կամ ուժգնություննն է, այլ պայմանավորված է կյանքի ստանդարտների որակով:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը խաղադրույքը կատարել է հենց ծավալի վրա՝ սպառազինությունների ծավալի: Հայաստանի խաղադրույքը կարող է լինել պետական և հասարակական ստանդարտների որակը: Ի դեպ, նաև միայն դրա շնորհիվ է հնարավոր ապահովել նաև պաշտպանական ամրություններն ու հզորությունները ոչ պետության զարգացման ռեսուրսների հաշվին, այսինքն՝ չմսխվել սառը պատերազմում:
Այսպիսով, ապրիլից հետո ըստ էության հաստատված հայ-ադրբեջանական սառը պատերազմում որակական հաղթանակն է տաք պատերազմ թույլ չտալու Հայաստանի գրավականը: Եվ ուրեմն սա է հայկական, համահայկական խնդիրը: Ու սա է Կովկասում խաղաղության խնդիրը: Սրանով հանդերձ՝ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ըստ էության անհաջողությունը որոշակի ժամանակով արգելափակել է պատերազմական նոր գործողությունների հեռանկարը զուտ քաղաքական գործոնների իմաստով: Կար մի շանս, և հայկական զինուժի սխրանքը տապալեց Բաքվի այդ շանսը:
Եվ առկա իրավիճակը Հայաստանի համար հնարավորություն է օգտագործելու դադարը ոչ միայն պաշտպանական ամրությունների, այլ նաև հենց ներքին որակական տրանսֆորմացիաների միտված համակարգային ռեֆորմների, դրանց միտված գործընթացների արագացման համար:









































