Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը մեկնաբանել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը:
Նախարարը հայտարարել է, որ եթե հարված չհասցվեր Անկարայի մոտ գտնվող «Աքընջըի» ավիաբազայի թռիչքուղուն, ապա հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները մեկնած կլինեին արտերկիր:
«Երբ խռովարարները հասկացան, որ Թուրքիայում տապալվում է ռազմական հեղաշրջման փորձը, նրանք պատրաստեցին Casa տիպի 3 օդանավ՝ «Աքընջըի» ավիաբազայից փախուստն ապահովելու համար»,- տեղեկացրել է նա:
Ըշըքի տվյալներով՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերից հեռացված զինվորականների թիվը 3725 է, իսկ դասալքած զինվորականների թիվը կազմում է 137, որոնցից 9-ը գեներալ և ծովակալ են:
Խոսելով «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի մասին՝ նախարարը հայտարարել է, որ PKK-ն պետք է այժմ իմանա, որ Թուրքիան այսօր շատ ավելի ուժեղ է, քան՝ հուլիսի 15-ի գիշերը:
«Համենայն դեպս ներկայումս Թուրքիայի զինված ուժերի շարքերը մաքրվել են դավաճանների մեծ մասից, և այդպիսով վերացվել է ներքին աջակցություն ստանալու հնարավորությունը: Թող PKK-ի ղեկավարները մտածեն այդ մասին»,- ասել է նա:











































