ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ Equation Group-ի (ԱԱԳ ստորաբաժանում) սերվերների կոտրմանը կարող են մասնակից լինել ռուս ցանցահենները։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։
Սնոուդենի կարծիքով՝ Shadow Brokers խումբը, որը ԱԱԳ-ից կիբերզենք է գողացել, կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ։ «Անուղղակի հանցանշաններն ու ողջամտությունը ցույց են տալիս, որ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,- գրել է նա։
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը կարծում է, որ տեղեկատվության գողության համար մեղավոր են ԱԱԳ աշխատակիցները, ովքեր, նրա կարծիքով՝ չափազանց ծույլ են գտնվել գաղտնի տվյալները պաշտպանելու հարցում։
Սնոուդենի խոսքով՝ գողացված ծրագրերը կարող են ապացուցել ամերիկացիների կողմից Stuxnet «որդի» կիրառումը, որը 2010 թվականին վնաս էր հասցրել Իրանի միջուկային ծրագրին։ Եթե ԱԱԳ մասնակցությունն ապացուցվի, դա աղետալի հետևանքներ կունենա ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։









































