Սաուդյան Արաբիայի անապատում հայտնաբերվել է հրթիռային բազա, որի մեկնարկային հարթակներն ուղղված են Թել Ավիվի և Թեհրանի կողմը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով IHS Jane’s ընկերության վերլուծաբաններին:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադից հարավ-արևմուտք՝ Ալ-Վատան շրջանում տեղակայված են երկու մեկնարկային հարթակներ՝ «երկիր-երկիր» դասի հրթիռների արձակման համար, որոնք ուղղված են Իսրայելի և Իրանի կողմը:
Մեկնարկային հարթակները նախագծված են «Դունֆեն-3» հրթիռի համար՝ միջին հեռահարության առաջին բալիստիկ հրթիռը, որն ինքուրույն մշակել է Չինաստանը։ Այն ներառված է Սաուդյան Արաբիայի զինված ուժերի զինանոցում: «Դունֆեն 3»-ի հեռահարությունը կազմում է շուրջ 2.5 հազար կմ:
Ենթադրվում է, որ մեկնարկային հարթակները կառուցվել են վերջին հինգ տարիների ընթացքում:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ բին Ֆեյսալը հայտարարել էր, որ Իրանի հանդեպ ռազմական ճնշում գործադրելը չպետք է բացառել, իսկ հետախուզության ղեկավարր արքայազն Մուքրինն այս կապակցությամբ ընդգծել էր, որ Իրանի հանդեպ պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև առանց ՄԱԿ-ի հաստատման:











































