ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կառավարական բոլոր պրոֆիլային գերատեսչություններին կարգադրել է վերանայել օգնության ծրագիրը, որը երկիրը հատկացնում է Եգիպտոսին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Ուշադրություն դարձնելով իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել Եգիպտոսում նախորդ շաբաթ, ԱՄՆ նախագահը նախարարություններին և գործակալություններին կարգադրել է վերանայել Եգիպտոսի կառավարությանը ցուցաբերվող մեր օգնությունը»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Օբաման իր աշխատակազմին հանձնարարել էր գնահատական տալ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին և գործողությունների հետագա ծրագրեր մտածել Կահիրեի հանդեպ:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Պատրիկ Լեհին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի օգնություն ցուցաբերել արաբական հանրապետությանը. օգնության տարեկան ծավալը գնահատվում է 1.5 միլիարդ դոլար:









































