Հունիսի 20-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Զոյա Զաքիյանի նախագահությամբ, կայացրեց մասնակի արդարացման դատավճիռ առանձնապես խոշոր չափի գողության քրեական գործով։ Անցյալ տարվա հուլիսին Բերդի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի բնակարանից առանձանպես խոշոր չափի գույքի գողության փաստով հարուցված էր քրեական գործ Քր. օր.-ի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1.3 կետերով: Որպես մեղադրյալ՝ ներգրավված էր Բերդի բնակիչ, նախկին ազատամարտիկ Կորյուն Ալավերդյանը` կազմակերպման, Վանաձորի բնակիչ Մասիս Խաչատրյանը` կատարման կասկածանքով։ Վահիկ Թովմասյանի նկատմամբ էլ հայտարարված էր հետախուզում` կալանավորման որոշումով: Դատարանն, այս գործի հետ կապված, Կորյուն Ալավերդյանին անմեղ ճանաչեց և ազատ արձակեց նրան դատական նիստերի դահլիճից, իսկ Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
Վճռի հրապարակման հաջորդ օրը` հունիսի 21-ին, տուժող ամուսիններ՝ 51-ամյա Վլադիմիր Վանեսյանն ու 53-ամյա Գայանե Մելքումյանը Բերդ քաղաքից Երևան էին եկել` խիստ զայրացած ու անհանգստացած դատավորի կայացրած դատավճռից, և ի նշան բողոքի` սպառնում էին ինքնահրկիզվել խորհրդարանի շենքի դիմաց: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին էլ պատմել էին, որ Բերդ քաղաքի իրենց բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք հափշտակել են 37 մլն ՀՀ դրամ և 10 մլն դրամի ոսկյա զարդեր (տուժողը դիմում է ներկայացրել մոտ 40 միլիոն դրամ վնասի վերաբերյալ` հեղ.): Ամուսինների ասելով` խուզարկությամբ Մասիս Խաչատրյանի տանը հայտնաբերվել է իրենց ընտանեկան՝ առյուծի գլխով մատանին, որից հետո նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, թե գողությունն ինքն է կատարել` հետախուզման մեջ գտնվող Վահիկ Թովմասյանի հետ, իսկ հանցագործության կազմակերպիչը եղել է Կորյուն Ալավերդյանը:
Կորյուն Ալավերդյանի և Մասիս Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Մհեր Դավթյանը գործի վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել «Առաջին լրատվական»-ին` իրենց հերթին դժգոհություն հայտնելով վարույթն իրականացրած նախաքննական մարմնի` ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի քննչական բաժանմունքի անօրինական գործողություններից: Փաստաբան Մհեր Դավթյանը նաև խիստ դժգոհ է իր պաշտպանյալի վերաբերյալ կայացված դատական ակտից, որը պատրաստվում է բողոքարկել` համոզված, որ Մասիս Խաչատրյանը նույնպես պետք է լիովին արդարացվի: Փաստաբանը նախ հերքում է տուժող ամուսինների հայտարարությունը, թե իր պաշտպանյալն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել հանցագործության կատարման մասին:«Նման բան չկա։ Մարդը աշխատանք եթե ունեցել է, տարել են՝ վատ է։ Տուժողի դրության մեջ էլ ենք մտնում, բայց խնդիրն այն է, որ անմեղ մարդիկ չդատապարտվեն»,- ասում է Մհեր Դավթյանը` համոզված, որ հանցագործությունն ի վերջո բացահայտվելու է:
Պաշտպանական կողմը վիճարկում է մեղադրանքի հիմքում դրված մի շարք ապացույցների օրինականությունը: Այսպես, չունենալով ոչ մի հիմք, որ Վանաձորի Նարեկացու 37-35 հասցեի բնակարանը պատկանում է Մասիս Խաչատրյանին, քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված հասցեի բնակարանում խուզարկություն կատարելու մասին՝ այն դեպքում, երբ գործում առկա էին Խաչատրյանի անձնագրի պատճենը, համատիրությունից նրա բնութագիրը, որտեղ նշված էր, որ գրանցված է Վանաձորի Չարենցի 8 հասցեում: Բացի այդ, նշված միջնորդությունից 4 ամիս առաջ նույն քննիչի կողմից արդեն իսկ խուզարկություն էր կատարվել Խաչատրյանի փաստացի բնակության վայր Չարենցի 8 հասցեում, և ոչինչ չէր հայտնաբերվել: Դատաքննության ընթացքում էլ հիմնավորվել է, որ այդ բնակարանի նկատմամբ Մասիս Խաչատրյանը ոչ մի իրավունք, այդ թվում՝ սեփականության, չի ունեցել: Հետևաբար, փաստաբան Դավթյանի խոսքերով, Նարեկացու 37-35 հասցեի բնակարանում կատարված խուզարկության արդյունքը չի կարող վերագրվել իր պաշտպանյալին: Խուզարկությունն էլ կատարվել է դատավարական կարգի խախտմամբ. խուզարկության ընթացքում բոլոր գործողությունները պետք է իրականացվեն ընթերակաների մասնակցությամբ: Այն, ինչ հայտնաբերվում է նրանց բացակայությամբ, նույնպես չի կարող ապացույց դիտվել: Ընթերակաների թիվը քննիչն է որոշում, բայց այն չի կարող պակաս լինել 2-ից: Մինչդեռ, ինչպես ընթերականերն են պատմել դատարանում խուզարկությունը զուգահեռաբար տարբեր սենյակներում է կատարվել` 1-ական ընթերակայի մասնակցությամբ:
Նախաքննության փուլում Էլմիրա Եգանյանն ու Անի Մխիթարյանը քննիչի մոտ ցուցմունք են տվել, որ խուզարկության ժամանակ հայտնաբերված մատանին ոստիկանության աշխատակից Չոբանյանն է գցել դարակի մեջ: Ընթերականերն էլ հաստատել են, որ լսելով Անիի ձայնը` գնացել են այնտեղ և ականատես դարձել, թե ինչպես է ոստիկանության աշխատակցին ասում, որ մատանին նա գցեց դարակը: Պաշտպանական կողմը միջնորդում էր նախաքննական մարմնին այդ կապակցությամբ հարցաքննել ոստիկաններին ու ընթերականերին, ինչը մերժվում էր: Հետագայում` դատաքննության փուլում, նկատի ունենալով, որ մատանու` որպես ապացույցի հայտնաբերման և օգտագործման թույլատրելիության հարցն առանցքային նշանակություն ունի, դատավորը Անի Մխիթարյանի ցուցմունքում նշված փաստի կապակցությամբ գործ հարուցելու միջնորդությամբ դիմեց գլխավոր դատախազին: Բայց դատարանի միջնորդությունն անտեսվեց. ՀՔԾ-ում ընդամենը նյութեր նախապատրաստվեցին ապացույց կեղծելու փաստով, ապա հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով մերժվեց քրգործի հարուցումը, ինչին պաշտպանական կողմը համաձայն չէ: «ՀՔԾ-ի որոշումը չի բխել ապացույցների լիարժեք գնահատումից, և չէր էլ կարող այդպես լինել. նյութեր նախապատրաստելու գործընթացը ապացույց ձեռք բերելու մեխանիզմները ռեալ չի նախատեսում, պետք է քրեական գործ հարուցվեր, որ կարողանային կատարել այն քննչական և դատավարական գործողությունները, որոնք հնարավոր չէ կատարել նյութերի նախապատրաստման ընթացքում»,- ասում է Մհեր Դավթյանը:
Քրեադատավարության այլ խախտումներ: Վկաներից մեկը հարցաքննվել է կեղծ անուն-ազգանուն-հայրանունով: Քննիչը դատարանում ասել է, թե հավատացել է անձին և անձնագիրը չի ստուգել, այնինչ Քր. դատ. օր.-ով` քննիչը վկայի ինքնության մեջ հավաստիանալուց հետո է միայն հարցաքննում նրան: «Ինքը տարբեր օրեր է եկել քննիչի մոտ: Եթե իսկական անուն-ազգանունը չեն իմացել, ինչպե՞ս են կանչել հարցաքննության: Քննիչը դատարանին ինքն էլ չէր կարողանում պատճառաբանել` ինչպես է տարբեր օրեր կանչել: Ավելին, այս վկայի եղբայրը կասկածվել է այս հանցագործության կատարման մեջ: Չեմ ուզում մեկնաբանություն անել, բայց սա լուրջ կասկածների տեղիք է տալիս»,- ասում է փաստաբանը: Վկաներից մեկի հարցաքննության ժամանակ էլ, որի ցուցմունքը նույնպես ապացույց է օգտագործվել, Տավուշի ոստիկանությունում հոգեբանական թեստ են անցկացրել: «Իբր հոգեբան են հրավիրել որ պարզեն` ճի՞շտ ցուցմունք է տալիս, թե՞ չէ. հոգեբանը որոշի: Աչքերի մե՞ջ էր նայելու ինչ է. այսինքն` սա էլ հարցաքննության կարգն են խախտել»,- նկատում է Մհեր Դավթյանը: Հետագայում երբ վկան ցանկացել է ճիշտ ցուցմունք տալ, նրան հարցաքննել են Վանաձորի «Թիֆլիս» ռեստորանում: «Ռեստորանում քննիչն արգելել է ճիշտ ցուցմունք տալ: Հիմա ռեստորանա-նախաքննական ցուցմունքը ինչպե՞ս գնահատենք»,- զարմանում է պաշտպանը:
Մայիս Խաչատրյանին բերման են ենթարկել առավոտյան ժամը 8-ի սահմաններում, արձանագրության մեջ ժամը նշված է 18.30-ը: «Հսկող դատախազն ասում է` ոչինչ, օրենքի բացն է, ասում է` նոր երեկոյան հասել ենք Իջևանի բաժին, հենց հասել ենք, այդ ժամն ենք ֆիքսել. 10 ժամ ոչ մեկը չգիտի, թե իմ պաշտպանյալը որտեղ է պահվել»,- ևս մեկ անարժանահավատ հանգամանք է մատնանաշում պաշտպանը,- «Կամ` տուն են մտնում, ինչքան հեռախոս կա, հավաքում տանում են: Ոչ մեկը չի լսել, որ կարելի է տրանսպորտային միջոցը բերման ենթարկել: Օրենքով բերման է ենթարկվում անձը, որը ծանուցագրով չի ներկայանում հարցաքննության: Արձանագրություն են կազմել ավտոմեքենան բերման ենթարկելու մասին: Եվ ո՞ւմ են ի պահ հանձնել… ոստիկանության շենքին»:
Տուժողի ցուցմունքները: Գործի սկզբնական փուլում տուժող Վլադիմիր Վանեսյանն ու նրա կինը` Գայանե Մելքումյանը, իրենց ցուցմունքներում նշել են, որ որևէ մեկին չեն կասկածում: «Հանկարծ 2012 թ. հուլիսին տուժողի հիշողությունը կտրուկ վերափոխվում է, և նա հիշում է, որ իր տան բակում երիտասարդի է տեսել: Բայց չէր տեսել, քանի որ ճանաչման ներկայացնելու ժամանակ չէր կարողանում նշել, թե ինչով է ճանաչում Մասիս Խաչատրյանին, որը պարտադիր է։ Եվ իր ձեռքով գրեց, որ ինքը Հովհաննես Այվազովսկին չէ, որ մանրամասն հիշի»,- պատմում է Մհեր Դավթյանը: Իր սկզբնական ցուցմունքում տուժողը մատանին նկարագրել է` 16 գրամ առյուծի տեսքով, հայտնաբերվել է` 20 գրամ առյուծի գլխով: Կինն էլ հարցաքննության ժամանակ ասել էր, թե առյուծի գլխով երկու մատանի է եղել: «Պարզվեց, որ առյուծի գլխով 2 մատանի է եղել, սակայն չի հիշում` երկրորդը գողացված է, թե ոչ: Կնոջ այդ ցուցմունքը խիստ վտանգավոր էր, և ամուսինը դատարանում նշեց, թե Մոսկվայից բերված մատանին պատվիրել է ոսկերիչ Արամ Բադալյանի մոտ: Վերջինս, սակայն, դատարանում ցուցմունք տվեց, որ ոչ մի անգամ իրեն մատանի չեն պատվիրել»։
Արդարացված Կորյուն Ալավերդյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ, չնայած ուրախ է իր պաշտպանյալի մասով արդարադատության հաղթանակի համար, բայց համոզված է, որ պետք է ամբողջությամբ արդարացման դատավճիռ կայացվեր: Նրա խոսքերով` հազվադեպ քրեական գործերից է` աննախադեպ խախտումներով: Փաստաբանը մի քանի հանգամանք է մատնանաշում. «Խուզարկություն է կատարվում, որ հայտնաբերեն 48 կտոր ոսկյա զարդեր: Հայտարարվում է, որ հայտնաբերեցին մատանի, և խուզարկությունը դադարեցվում է։ Մինչդեռ այդ բնակարանում կան բազմաթիվ տուփերով, արկղերով փակված իրեր: Եթե ձեզ հետաքրքում էր ոսկյա իրերը հայտնաբերելը, և նպատակը այդ 1 ոսկին գտնելը չէր, ինչո՞ւ չէիք խուզարկում բնակարանի մնացած մասը: Ինչպես նշված է ներքին դիտման կրիչի վրա, գործը դատարան գնալու համար 1 կտոր ոսկի էր պետք, այդ 1 կտորը գտնում են, դադարեցում են խուզարկությունը և գնում: Մեկնաբանությհունները թողնում եմ կողմնակի դիտողին»,- ասում է Ռուբեն Հակոբյանը, ապա անդրադառնում տուժողի հակասական ցուցմունքներին. «Նշում է փաստական հանգամանք՝ օրինակ, որ տեսել է Կորյուն Ալավերդյանի ավտոմեքենայում նստած 3-րդ անձին` ենթադրյալ հանցագործին, և այդ ժամանակ ներկա են եղել այլ քաղաքացիներ Բերդ քաղաքից: Իր վկայակոչած քաղաքացիները դատարանում բացառել են այդ վայրում, այդ ժամին Կորյուն Ալավերդյանի մեքենայում այլ անձի ներկայությունը: Կամ` լուսանկարով ճանաչել է ենթադրյալ հանցագործներից մեկին` հետախուզվողին: Ասում է` ճանաչեցի մաշկի սև գույնից, նրան ճանաչման են ներկայացնում անձնագրի ձև 1-ի լուսանկարը, որի ընդհանուր ֆոնը մուգ է: Բայց այդ անձին ես ճանաչում եմ անձամբ. սպիտակամորթ անձնավորություն է: Այսինքն` չի տեսել տուժողը անձին, տեսել է լուսանկարը իրեն մատուցած, որում անձի մաշկը ֆոտոերևույթների ազեցությամբ մուգ է երևում»:
Լուսանկարները՝ «Հետք»-ի









































