Ջոհար Ցարնաևը, ով մեղադրվում է ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի ավարտին տեղի ունեցած ահաբեկչության նախապատրաստման և իրականացման մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել: «Մեղավոր չեմ»,- հայտարարել է նա Բոստոնի դատարանում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ցարնաևին դատարանի դահլիճ են բերել ձեռնաշղթաներով ու բանտային նարնջագույն հագուստով: Դահլիճում տուժածներից ու նրանց ընտանիքի անդամներից բացի՝ գտնվել են նաև Ցարնաևի երկու քույրերը: Նրանցից մեկը եկել էր երեխայի հետ: Դատարանի շենքի մոտ նկատվել է Ջոհարին աջակցողների ոչ մեծ խումբ: Նրանց շապիկներին գրված է եղել՝ «Ազա´տ արձակեք առյուծին»:
Դաշնային իշխանությունները Ջոհարի դեմ առաջադրել են 30 կետից բաղկացած մեղադրանք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենք, մասնավորապես՝ ինքնաշեն պայթուցիկ սարք կիրառելու մասին: Նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում:











































