Տրանսպորտի անվտանգության հարցերով ԱՄՆ-ի ազգային վարչությունը ստուգում է Սան Ֆրանցիսկոյում կոշտ վայրէջք կատարած հարավկորեական Asiana Airlines ավիաընկերության Boeing 777-200-ի օդաչուներից մեկի ցուցմունքները: Նա հաստատում է, որ վայրէջքի պատրաստվելիս իրեն երկրից լազերով կուրացրել են: Այս մասին հայտնել են վարչության ներկայացուցիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Բացի այդ, քննիչների եզրակացությամբ՝ ուղևորների տարհանումը կազմակերպվել է անբավարար օպերատիվությամբ: Անձնակազմը պետք է տարհանում կազմակերպեր օդանավի կանգից հետո 90 վայրկյանի ընթացքում, սակայն անձնակազմը սկզբում կապիտանին զեկուցել է շարժիչի հրդեհման մասին և միայն դրանից հետո է անցել տարհանման: «Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչով է ղեկավարվել անձնակազմը»,- ասել է վարչության ղեկավար Դեբորա Հերսմանը:
Քննությամբ նաև պարզվել է, որ առաջին հրշեջ մեքենան ժամանել է օդանավի կանգից երկու րոպե անց:
Հերսմանը հայտնել է, որ արդեն հարցաքննվել են բորտուղեկցորդներն ու բորտուղեկցորդուհիները՝ բացի այն երեքից, որոնք գտնվում են հիվանդանոցում: Նա հստակեցրել է նաև, որ օդանավի պոչը պոկվելուց հետո անձնակազմի երեք անդամներ նետվել են թռիչքուղի և ողջ մնացել:
Վթարի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել 182 մարդ:








































