Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Բերքաշատ գյուղի բնակիչ, 37-ամյա Վահան Գևորգյանի գործի դատավարությունը:
Ըստ դատական ակտի՝ Վահան Գևորգյանը 2012 թվականի հունիսի 30-ին, ժամը 17-ի սահմաններում կնոջ հետ իր «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով գնացել է ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալի տարածքում գտնվող իրենց հողամասում հողագործական աշխատանքներ կատարելու:
Անցագրային կետի դարպասների մոտ կրտսեր վերակարգ ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Կարապետյանը Վահան Գևորգյանից պահանջել է ներկայացնել անձնագիր և անցագիր՝ ուղեկալի տարածք անցնելու թույլտվություն ստանալու համար:
Վահան Գևորգյանը ներկայացրել է մեկ անձնագիր, որի լուսանկարում պատկերված է եղել ինչ-որ տարեց կին: Կրտսեր սերժանտի հարցին, թե ո՞ւմ է պատկանում անձնագիրը, Գևորգյանը պատասխանել է. «Կնոջս»: Սակայն անձնագրի լուսանկարի կինը տարեց է եղել, կրտսեր սերժանտն ասել է, թե դա Գևորգյանի կինը չէ, նա ստում է:
Վահան Գևորգյանը սկսել է քաշքշել փակված, բայց չկողպված դարպասը, բացել է մի փեղկը, ներս է մտել ու բռունցքով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող կրտսեր սերժանտին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Կրտսեր սերժանտը Վահան Գևորգյանին հրելով դուրս է բերել ուղեկալի տարածքից: Գևորգյանը նստել է մեքենա ու հեռացել դեպի Բերքաշատ գյուղը:
Վահան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով:
Գևորգյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Դատարանը հաշվի է առել, որ Գևորգյանի խնամքի տակ են մինչև 14 տարեկան 3 երեխաներն ու չաշխատող կինը: Տուժողը բողոք չի ներկայացրել:
Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Վահան Գևորգյանին ու դատապարտել 5 տարի ազատազրկման:










































