Հուլիսի 16-ին Հունաստանում տեղի կունենա համընդհանուր գործադուլ՝ ի նշան բողոքի տնտեսությունում նոր միջոցառումներ ընդունելու օրինագծերի փաթեթի դեմ, որը նախապատրաստել է կառավարությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել են պետական և մասնավոր սեկտորի առաջատար արհմիությունները՝ ADEDY-ը և GSEE-ն:
Երեքշաբթի երեկոյան կառավարությունը խորհրդարանին ներկայացրել է օրինագծերի փաթեթ, որոնց ընդունումն անհրաժեշտ նախապայման է Հունաստանին հերթական տրանշը հատկացնելու համար: Օրենքների քննարկումը նախատեսվում է հուլիսի 16-ին, իսկ ֆինանսների նախարարությունը դրանք կհաստատի հուլիսի 19-ից ոչ ուշ:
Պետական ծառայողների ADEDY գործակալությունը գործադուլ է նշանակել նաև հուլիսի 11-ին: Այն տեղի կունենա տեղի ժամանակով ժամը 12.00-ից:
Արհմիությունների հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հանդես են գալիս պետական ոլորտի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու, նոր հարկերի, պետական ոլորտի կազմակերպությունների, ձեռնարկությունների փակման, պարտապանների կարողությունը աճուրդով վաճառելու դեմ:
«Կառավարությունը շարունակում է անցկացնել ամենադաժան նախագծերը՝ կրճատելով աշխատատեղերը, աշխատավարձերը, ապահովագրական և թոշակային վճարումները, հավաքական և սոցիալական իրավունքները՝ ի վնաս աշխատողների և հասարակության»,- ասվում է հայտարարության մեջ:









































