Հունիսին Լիբիայում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են՝ հասնելով օրական 1.13 միլիոն բարելի: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով՝ նման ցուցանիշներ վերջին անգամ գրանցվել են 1983-1987թթ., երբ Լիբիան հետևում էր ՕՊԵԿ-ի սահմանած քվոտային, որի համաձայն՝ նավթի արդյունահանումը չպետք է գերազանցեր օրական 1.1 միլիոն բարելը:
Ընթացիկ իրավիճակը ցույց է տալիս, որ նավթի արդյունահանման ծավալների միտումը, որը հաստատվել է հետհեղափոխական Լիբիայում, առաջիկա տարիներին շարունակություն կստանա: Արտասահմանյան բոլոր ընկերությունների ներկայացուցիչները նշում են անվտանգության հետ կապված խնդիրներ: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո տարբեր զինված խմբավորումների հակամարտությունը դեռևս չի դադարել: Ընդ որում, ամենից հաճախ հենց նավթային օբյեկտներն են հայտնվում պայքարի կենտրոնում:
Լիբիայի ներկայիս իշխանություններն արդեն հայտարարել են, որ ստիպված են մեծացնել զինված աշխատակիցների քանակը՝ նավթային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար: 2012թ. նրանց թիվը կազմել է 4000, իսկ 2013թ. կհասնի մինչև 12 հազարի:
Անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով մի շարք արտասահմանյան ընկերություններ կրճատել են իրենց անձնակազմի թվաքանակը:
Գործակալությունը նշում է, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմի և հեղափոխության տեսքով «Արաբական գարուն»-ն այս երկրին չի պարգևել տնտեսական հրաշքներ:










































