Սյունիքի մարզի Շաղատ գյուղում երեկ տեղի է ունեցել 19-ամյա զինծառայող Գաբրիել Լալազարյանի հուղարկավորության արարողությունը: Ըստ պաշտոնական վարկածի՝ հուլիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր.-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Գաբրիել Լալազարյանը բանակ էր զորակոչվել Սիսիանի զինկոմիսարիատից: Դպրոցական տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, հետո ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա: Աբրիկ Լալազարյանը երեք որդի ունի, մեկը բանակից զորացրվել է, Գաբրիելը երկրորդ որդին է, որը բանակում ծառայության համար վերադարձել էր հայրենիք:
Շաղատի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Արզումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց որոշ մանրամասներ: Նա նշեց, որ Գաբրիելը իրենց աչքի առաջ մեծացած երեխա էր, որևէ հոգեկան խնդիր չի ունեցել, ինչպես փորձում են տարածել: Նա շատ հավասարակշռված, խելոք անձնավորություն էր. «Նույնիսկ շատ խելացի էր, այսօր այդքան խելացի չպետք է լինել»,- ասաց նա:
Հ. Արզումանյանը պնդեց, որ սավանով կախվելու տարբերակ չի կարող լինել, քանի որ Գաբրիելի մարմինը նայել են, կախվելու որևէ հետք չի եղել, փոխարենը կրծքավանդակի շրջանում կապտուկներ են եղել, ծնոտից ներքև պարանոցի մոտ ճոպանը կարծես ձգած լինեն: «Իմ անձնական կարծիքն է՝ ինչպե՞ս պետք է սավանով ինքն իրեն կախի, սավանով եթե փաթաթեն մի տասը սմ տրամագծով, այսինքն՝ մի չորս դյույմի հաստություն է դառնում, ինչպե՞ս է սա հնարավոր»,- ասաց Հովհաննես Արզումանյանը:
Կրծքավանդակի շրջանում առկա կապտուկներն էլ մեկնաբանել են, թե իբր արհեստական շնչառություն են փորձել տալ, դրա համար են կապտուկներ առաջացել. «Ես բժիշկ չեմ, բայց բոլորս գիտենք ինչպես են արհեստական շնչառություն տալիս, բոլորն են տեսել կապտուկները»,- հավելեց նա:
Գյուղում որևէ մեկը չի հավատում ինքնասպանության վարկածին, ավելին՝ գյուղի բոլոր բնակիչները պատրաստակամ են ոտքի կանգնելու, վերջ տալու բանակում անօրինականություններին. «Ինչպես ասում են՝ վերջին մատաղը լինի, վերջ բանակում անօրինականություններին»,- ասաց Հ. Արզումանյանը: Նա նշեց, որ գյուղում վաղը նորից զինվոր են ճանապարհելու բանակ. «Բանակ պետք է ուրախ ճանապարհես, ուրախ ընդունես, մեղք են մեր ծնողները»:
Ընտանիքի անդամները նույնպես չեն հավատում ինքնասպանության վարկածին: Գաբրիելը դեպքից երեք օր առաջ է խոսել ծնողների հետ, ասել է, որ ամեն ինչ նորմալ է:
Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն՝ Գաբրիելը ծառայել է Արմավիրի զորամասում, որտեղից նրան ռազմական ոստիկանություն են տեղափոխել հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով: Սակայն ռազմական ոստիկանություն տեղափոխելու պատճառն այլ է եղել. նրան ռազմական ոստիկանություն ոչ թե մենակ, այլ մի հինգ-վեց հոգու հետ են տարել, քանի որ, վիճաբանություն է եղել զորամասում, սակայն այս մասին Գաբրիելը որևէ բան չի ասել ծնողներին:
1200 բնակիչ ունեցող Շաղատ գյուղը այսօր պատրաստ է պայքարելու բանակում այս անօրինականություններին վերջ տալու նպատակով:








































