Եգիպտոսի սալաֆիական «Ալ-Նուր» կուսակցությունն այսօր առաջադրել է երկրի ֆինանսների նախկին նախարար Սամիր Ռադվանի թեկնածությունն ապագա կառավարության վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Նաադիր Բաքարին:
«Մենք առաջարկել ենք ընտրությունը կանգնեցնել Սամիր Ռադվանի թեկնածության վրա: Նա ուժեղ տնտեսագետ է և տեխնոկրատ՝ նախարարության ղեկավարման փորձով և կառավարությունում աշխատանքով»,- գրել է Բաքարը Twitter-ի օգտահաշվում:
Եգիպտոսի ապագա ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածության վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են արդեն մոտ մեկ շաբաթ, սակայն ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը դեռևս չի կարողանում որոշում կայացնել:









































