Չնայած Թուրքիայում ստեղծված իրավիճակին՝ Եվրախորհուրդը և Գերմանիան պնդում են, որ պետք է հետևել փախստականների հարցով Թուրքիայի հետ կնքված պայմանագրին: Նույնիսկ Անկարայի կողմից վերջին սպառնալիքները չփոխեցին նրանց տեսակետը: Այդպիսի ինքնախաբեության քաղաքականությունը հաճախ քննադատվում է: Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը զգուշացնում է «կախվածության մասին, որը վտանգավոր է: Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը պահանջում է այլընտրանքային ծրագիր կազմել միգրացիոն ճգնաժամի կարգավորման համար:
Spiegel Online – Գերմանիան, ճիշտ այնպես, ինչպես ԵԽ-ն, վճռականորեն կողմ է հանդես գալիս փախստականների գծով Թուրքիայի հետ կնքված պայմանագրի պահպանմանը, կարծես թե ոչինչ չի եղել: Ի՞նչ կարծիքի եք Դուք այդ հարցի վերաբերյալ:
Սեբաստիան Կուրց – Մենք չենք կարող հանգիստ շունչ քաշել և հուսալ, որ Թուրքիայի հետ կնքված պայմանագիրն ուժի մեջ կմնա: Քանի որ եթե այդպես վարվենք, ապա կընկնենք մի կախվածության մեջ, որը վտանգավոր է: Իսկ մենք չպետք է հայտնվենք մի դրության մեջ, որը թույլ կտա մեզ շանտաժի ենթարկել: Ես կուզեի, որ Եվրոպան լիներ ուժեղ ու ինքնուրույն և կարողանար սեփական ուժերով կարգավորել միգրացիոն ճգնաժամը:
– Ինչպե՞ս պետք է դա կատարվի:
– Մենք պետք է վերջապես պաշտպանենք մեր արտաքին սահմանները: Ես դեռ մայիսին էի զգուշացնում, որ մենք չպետք է այսպես վարվենք, որ մենք կախվածության մեջ կհայտնվենք Թուրքիայից, և որ Անկարայի հետ համաձայնությունը պետք է լինի միայն հարցի կարգավորման երկրորդ տարբերակը: Հիմա՝ Թուրքիայի կողմից հնչեցված սպառնալիքների ֆոնին, պարզ է դառնում, որ մեզ պետք է առաջին տարբերակը:
– Այսպիսով, ինչպիսի՞ն պետք է լինի առաջին տարբերակը:
– Սկզբի համար Եվրամիությանը պետք է իսկական սահմանային և ափային պահակազոր: Միաժամանակ մենք պետք է ապահովենք, որ սահմանափակ քանակությամբ փախստականներ կարողանան մտնել ԵՄ՝ համաձայն վերաբնակեցման ծրագրերի: Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալի լինի, որ յուրաքանչյուր ոչ լեգալ ներթափանցում կկանխվի: Միջերկրական ծովում փրկվելու փաստը չի կարող նշանակել, որ դա տոմս է Կենտրոնական Եվրոպա:
– Իսկ ավելի հստա՞կ:
– Նա, ում «կբռնեն» արտաքին սահմաններին, պետք է տեղափոխվի փախստականների ընդունման կետ և լավագույն դեպքում ուղարկվի իր երկիր կամ անվտանգության հարցում կայունություն պահպանող մեկ այլ՝ տրանզիտային երկիր: Բացի դրանից՝ մենք պետք է ապագայում ավելի շատ ներդրում անենք տեղերում կյանքի որակը բարելավելու համար, դրանով մենք կկանխենք Եվրոպա ներթափանցել կամեցող մարդկանց հոսքը, իսկ մինչ այդ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:
– Դուք Գերմանիայի արտգործնախարարի և արտաքին քաղաքականության գծով ԵՄ ներկայացուցչի հետ քննարկո՞ւմ եք այդ առաջարկը:
– Միանշանակ, այդ առաջարկության համար ինձ մի քանի ամիս առաջ քննադատում էին, իսկ հիմա մոտեցումն այլ է: Եթե մենք՝ եվրոպացիներս, չպաշտպանենք մեր արտաքին սահմանները, մոտ հեռանկարում հմարավոր չի լինի Եվրոպայի ներսում բաց սահմաններ ունենալը:
– Պե՞տք է արդյոք ԵՄ-ն իր նախաձեռնությամբ լուծարի փախստականների հարցով գործարքը՝ հաշվի առնելով Թուրքիայի ներկա իրավիճակը:
– Դրա կարիքը չկա: Սակայն եվրոպան պետք է ուժեղ լինի, մենք իրավունք չունենք Անկարայի դեմ ծնկի իջնելու, և պետք է պաշտպանենք մեր հիմնական արժեքները: Թուրքիան այժմ գնալով ավելի է հեռանում Եվրոպայից:









































