Հարցված 1068 հայաստանցիների 19 տոկոսը համարում է, որ վերջին երկու տարիներին կոռուպցիան նվազել է, մինչդեռ 43 տոկոսը համոզված է, որ կոռուպցիան մեր երկրում աճել է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը` հավելելով, որ հայաստանցիների 82 տոկոսի կարծիքով՝ կոռուպցիան Հայաստանում լուրջ հիմնախնդիր է, այնինչ երեք տոկոսի կարծիքով` ոչ այնքան:
Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ հարցվածների 21 տոկոսը կարծում է, որ հայաստանյան իշխանությունները կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար են իրականացնում, մինչդեռ 53 տոկոսն այդ պայքարն անարդյունավետ է համարում:
«Հատկանշական է, որ մարդկանց մեծ մասն առավել կոռումպացված է ընկալում առողջապահության, դատական համակարգերը և պետական պաշտոնյաներին: Պակաս կոռումպացված են ընկալվում ՀԿ-ները, կրոնական կազմակերպությունները, ոստիկանությունը»,- ասաց նա:
«Թրանսփերենսի ինտերնեշնլ»-ի տնօրենը նկատեց նաև, որ հայաստանցիների բավական ստվար զանգված համարում է, որ երկիրը ղեկավարվում է մի խումբ ազդեցիկ մարդկանց կողմից, մինչդեռ 16 տոկոսը այդպես չի կարծում:
«Համաշխարհային մակարդակով՝ բնակչության մոտ 37 տոկոսը կարծում է, որ հասարակ քաղաքացին կարող է որևէ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Այս ցուցանիշով Հայաստանը 107 երկրների շարքում 103-րդ տեղում է: Հետաքրքրական է, որ մեր երկրի ազգաբնակչության 43 տոկոսը չի ուզում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Պատճառը, ամենայն հավանականությամբ, ապատիան և վախն է»,- նկատեց Վարուժան Հոկտանյանը` հավելելով, որ հայաստանցիների միայն 33 տոկոսն է պատրաստակամ իրեն հայտնի դարձած կոռուպցիոն դեպքերի մասին հայտնել իրավապահ մարմիններին:
Վարուժան Հոկտանյանը հայտնեց, որ հարցվածների միայն 18 տոկոսն է խոստովանել, որ երբևէ կաշառք է տվել, ընդ որում, 24 տոկոսը՝ առողջապահության ոլորտի հետ առնչություն ունենալու ժամանակ:
«Ոստիկանությանը կաշառք տվել է 5 տոկոսը, կոմունալ ծառայությունների աշխատակիցներին` 2 տոկոսը: Մարդկանց 28 տոկոսն էլ նշել է, որ իրենցից կաշառք են պահանջել, սակայն նրանց մի զգալի մասը հրաժարվել է կաշառք տալ»:
Ամփոփելով` Վարուժան Հոկտանյանը նկատեց, որ կոռուպցիայի ոլորտում առկա լճացած իրավիճակը ցույց է տալիս, որ երկրում այդ արատավոր երևույթի դեմ լուրջ պայքար չի տարվում:







































