Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի գլխավոր հերոսներից մեկի՝ հարուստ ջենտլմեն միստըր Դարսիի արձանը հայտնվել է Լոնդոնի լճում: Այն հիշեցնում է վեպի՝ BBC-ի կողմից արված էկրանավորման հայտնի տեսարանը:
Մանրաթելային ապակուց պատրաստված արձանի բարձրությունը 3.6 մետր է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հեռուստաֆիլմում հերոսին մարմնավորում է Քոլին Ֆերթը, որի արձանը կիսաթաց շապիկով լողում է Հայդ պարկի Սերպենտին լճում՝ զվարճացնելով հանգստացողներին:
Արձանը կպտտեցնեն ողջ Միացյալ Թագավորությունում: Այն կհանգրվանի Չեշիր կոմսության Լայմ պարկում: Հենց Չեշիրում էլ նկարահանվել է հերոսի՝ ջրում լողալու տեսարանը:
Արձանը կերտվել է՝ նշանավորելու UKTV-ով նոր՝ Drama ալիքի գործարկումը:









































