Շարքային Բրեդլի Մենինգը հույս է ունեցել քաղաքականության, միջազգային գործերի, փիլիսոփայության, արվեստի, գիտության վերաբերյալ իր գիտելիքներն օգտագործել ավելի լավ ծառայելու և Իրաքում կյանքեր փրկելու համար՝ հաղորդում է The Guardian-ը: Այս մասին հայտարարվել է Ֆորթ Միդում Մենինգի դեմ դատական գործընթացի ժամանակ:
Օկլահոմայի բնակիչ Մենինգը մեղադրվում է WikiLeaks-ին մեծ ծավալի գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ: Նա չի հերքում դա, սակայն հերքում է թշնամուն օգնություն ցուցաբերելու մեղադրանքը:
Հերթական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրել է շարքայինի հայտարարությունները, որոնք նա արել է 2009թ. Լորեն Մակնամարի հետ չաթի ժամանակ: Ինչպես նշում է թերթը, վերջինս տրանսսեքսուալ է, որը Մենինգի հետ ընկերացել է մինչ նրա Իրաք մեկնելը: Այդ ժամանակ Մակնամարը եղել է տղամարդ՝ Զաքարի Անտոլակ անվամբ:
Այդ ժամանակ Մենինգը գրել է, որ ինքը շատ է կարդում, ավելի շատ, քան դպրոցում, որպեսզի օգտագործի այն, ինչ սովորել է, ավելի շատ տեղեկատվություն տրամադրի իր սպաներին և հրամանատարներին: Բացի այդ, նա հույս է ունեցել փրկել կյանքեր:
Դեռևս մինչ դատը պաշտպանին չէին թույլատրել ներկայացնել Մենինգի անձնական դրդապատճառների մասին տեղեկատվություն: Սակայն փաստաբանները կարող էին խոսել հոգեվիճակի մասին, որն ունեցել է Մենինգը տվյալները տրամադրելիս:









































