Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունների հիման վրա մանրամասն ու հաշվետու քննություն իրականացնելու կարևորությունը:
Պաշտպանը Ջ. Բյուքենենին և Գ. Գոգիային տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան նյութերն ուղարկել է քրեական հետապնդման մարմիններին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:
Քննարկվել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի գործունեությունը՝ կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրության նպատակով:
Human Rights Watch միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են Պաշտպանի հետ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս շարունակել համագործակցությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի







































