ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը` մարտ ամսին Սիրիայում ոչնչացված Թարխան Բատիրաշվիլին, եղել է վրացական հետախուզության գործակալ: Այդ մասին հայտնել է ամերիկյան The Daily Beast պարբերականը` Թարխանի և նրա եղբայր Թամազի մասին հրապարակված հոդվածում:
Ծայրահեղականների շրջանում Բատիրաշվիլին հայտնի էր որպես Աբու Ումար աշ-Շիշանի, իսկ նրա եղբայրը, The Daily Beast-ի տվյալներով՝ Աբդուռահման աշ-Շիշանի: Առաջինը համարվում էր ԴԱԻՇ-ի ռազմական նախարարը, իսկ երկրորդը պատասխանատու էր հետախուզության և հակահետախուզության, ինչպես նաև տարածքում գտնվող ծայրահեղականների կողմից վերահսկվող բանտերի համար:
Հոդվածի հեղինակները պնդում են, որ այդ տվյալները ստացել են Վրաստանի Պանկիսի կիրճում` Բատիրաշվիլիի ծննդավայրում: Հեղինակների խոսքերով` իրենք անձամբ շփվել են զինյալների հոր և այլ ազգականների հետ: Պարզվել է, որ Բատիրաշվիլիի մահվան մասին լուրը հարազատներին հեռախոսով հայտնել է նրա ավագ եղբայրը:
Պարբերականի համաձայն՝ Վրաստանի հետախուզությունը վաղուց հետաքրքրված է Պանկիսի կիրճում չեչենական համայնքով և այնտեղ ունեցել է բազմաթիվ գործակալներ, սակայն Բատիրաշվիլիին ի սկզբանե հեռանկարային չեն համարել:









































