Լոս Անջելեսում ընթացող Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի «Առողջապահության քաղաքականություն» պլենար նիստում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առողջպահության համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումները, ձեռքբերումները, իրականացվող բարեփոխումների ծրագրերից ակնկալվող արդյունքները և համակարգի առջև ծառացած խնդիրները։
ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի խնդիրներին։ Նիստի ավարտին համագումարի մասնակիցները նախարար Դումանյանին առաջարկել են համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի առողջապահական համակարգերում առկա հիմնախնդիրների լուծման ուղիներ փնտրել։
Նույն օրվա պլենար երկրորդ նիստին, որ նվիրված է եղել բժշկական կրթությանը, զեկուցումով հանդես է եկել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը։
Մեկ պլենար նիստ էլ նվիրված է եղել Հայաստանի Հանրապետությունում Սփյուռքի աջակցությամբ իրականացվող առողջապահական ծրագրերին։
Անդրադառնալով առանձին ծրագրերին ու դրանցից ակնկալվող արդյունքներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ծրագրերն առավել համակարգված իրականացնել։







































