Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցանքները քննող դատարանում չորեքշաբթի մեկնարկել է «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Տալե Բագիրզադեի, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի ու ևս 16 մարդու գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Նարդարան ավանի անկարգությունների համար։
Բագիրզադեն համակիրների խմբի հետ համատեղ ձերբակալվել է 2015 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարանում իրականացված հատուկ գործողության ժամանակ և մեղադրվել է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ խախտելու համար՝ ներառյալ սպանությունը, սահմանադրական կարգը տապալելու փորձը, ապօրինի զենք կրելը և այլն։
Այսօրվա նիստում հրապարակվել է մեղադրական ակտը։ Ամբաստանյալներն իերնց մեղավոր չեն ճանաչել։ Բագիրզադեն հայտարարել է, որ Նարդարանի դեպքերը եղել են իշխանությունների սադրանքները, և ոստիկանության երկու աշխատակիցները սպանվել են իշխանությունների ձեռքով։ Նա ընդգծել է, որ հավատացյալները նամազ կատարելիս են եղել, երբ այնտեղ ներխուժել են դիմակավոր անձինք, և չնայած որևէ դիմադրություն չի ցուցաբերվել. ոստիկանները ծեծելով սպանել են տեղաբնակներից մեկին։
Դատական գործընթացը կշարունակվի օգոստոսի 4-ին։








































