TASS-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեքշաբթի օրը բոլոր երկրներին և հակամարտությունների մասնակիցներին կոչ է արել զինված հակամարտությունների պայմաններում երեխաների պաշտպանության միջոցներ ձեռնարկել: Ելույթ ունենալով ԱԽ նիստում՝ նա հայտարարել է, որ Իրաքում, Եմենում, Նիգերիայում, Սիրիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում երեխաների կյանքը նման է «իսկական դժոխքի»:
«Շատ դեպքերում իրադրությունը շարունակում է վատանալ: Հակամարտության սկզբից հազարավոր սիրիացի երեխաներ են սպանվել: Միլիոնավորները հաշմանդամ կմնան ողջ կյանքում»,- ասել է Պան Գի Մունը: Նրա խոսքերով՝ երեխաների և զինված հակամարտությունների մասին զեկույցները պատրաստվում են ոչ այն բանի համար, որ ինչ-որ երկրների դնեն անհարմար դրության մեջ: «Մեր նպատակն է կոնկրետ փոփոխությունների հասնելով պաշտպանել երեխաներին, որոնց վտանգ է սպառնում»,- ասել է նա:
Դիմելով հակամարտությունների մասնակից բոլոր պետություններին, նա ընդգծել է, որ եթե նրանք ցանկանում են «պահպանել իրենց վարկանիշը», ապա պետք է պաշտպանեն երեխաներին հակամարտությունների հետևանքներից:
ԱԽ-ի նիստի ընթացքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը կենտրոնացել է Սիրիայի իրավիճակի վրա՝ կառավարական ուժերին մեղադրելով երեխաների զոհվելու մեջ` անկանոն ռմբակոծությունների հետևանքով, ինչպես նաև անչափահասների ձերբակալությունների և կտտանքների մեջ: Դիվանագետը նաև պնդել է, որ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում «քաղաքացիական օբյեկտներին» և Մոսկվային կոչ է արել դադարել Հալեպում Դամասկոսի գործողություններին աջակցելուց:




































