Մեխիկոյից ոչ շատ հեռու գտնվող Պոպոկատեպետլ հրաբխի մեծացած ակտիվությունը երկրի իշխանություններին ստիպել է բարձրացնել այդ շրջանում տագնապի աստիճանը: Հրաբխի վտանգի մակարդակը հասել է 3-րդ աստիճանի, ինչը նախատեսում է բնակչությանը նախապատրաստել հնարավոր տարհանմանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ներկայումս Պուեբլա, Մեխիկո, Մորելոս և Տլասկալա նահանգներում ստեղծվել են ժամանակավոր կացարաններ՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց բնակավայրերից տարհանելու համար: Կացարանները պատրաստված են 85 հազար մարդու համար:
Բացի այդ, իշխանությունները վտանգի ներքո գտնվող շրջանների բնակիչներին կոչ են արել հետևել Տարերային աղետները կանխարգելող ազգային կենտրոնի և Քաղաքաքացիական պաշտպանության հրահանգներին: