Չինաստանի երկաթուղային տրանսպորտի հարցերով նախկին նախարար Լյու Չժիցզյունին դատապարտել են մահապատժի: Գերագույն պատժամիջոցը կիրականացվի երկու տարի հետաձգմամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
Լյու Չժիցզյունը, ով մեղադրվում է կաշառակերության և ծառայողական պարտականությունները գերազանցելու մեջ, 1986-2011 թվականներին տարբեր անձանցից ընդհանուր առմամբ ստացել է 64.6 մլն յուան (10.53 մլն դոլար):
2011 թվականի փետրվարին նա հեռացվել էր պաշտոնից կարգապահական լուրջ խախտումների պատճառով: Այդ ժամանակ հետաքննություն էր սկսվել երկաթուղային շինարարության ոլորտում խոշոր կոռուպցիոն սկանդալին նրա մասնակցության գործով: 2012-ի մայիսին Չինաստանի Կոմկուսի կարգապահության վերահսկման կենտրոնական հանձնաժողովը հայտարարել էր կուսակցությունից նրան հեռացնելու մասին:








































