«Առաջիկա ՏԻՄ ընտրությունները վերջին իրադարձություններից հետո քննություն են լինելու իշխանությունների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի և մնացած տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին։ Նրա խոսքերով՝ եթե իշխանությունները շարունակեն իրենց յուրայինների միջոցով կեղծել ընտրությունները ի շահ գործող վարչակարգի, ապա դա շատ կտրուկ կվատթարացնի երկրում առկա իրավիճակը, կնշանակի, որ իշխանությունները այդպես էլ որևէ դաս չեն քաղել վերջին դեպքերից, իսկ դրանից կօգտվեն ընդդիմադիր խմբավորումները, կուսակցությունները։ «Եվ դա կլինի իշխանությունների կոպիտ սխալը»,- հավելեց Համբարյանը։ Վերջինիս խոսքերով՝ սակայն, այլ հարց է, թե որքանով կկարողանան ընդդիմադիր խմբավորումները օգտվել «Սասնա ծռերի» կողմից ստեղծած վիճակից, ալիքը պահպանել և ընտրությունների ժամանակ դիվիդենտներ շահել իրենց թիմերով։ «Դա շատ լավ կլինի, քանի որ ընդդիմության առկայությունը թեկուզ ավագանիում էական վիճակ է փոխում։ «Սասնա ծռերը» շատ լավ շանս են տվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին օգտվելու այդ ամենից։ Խնդիրն այն է, թե այս մեկուկես ամսվա ընթացքում նրանք կկարողանան օգտվել այս վիճակից, թե ոչ, քանի որ հայտնի է, թե մեր ընդդիմադիր դաշտը ինչքան պառակտված է»,- նկատեց քաղաքագետը։
Համբարյանի դիտարկմամբ՝ այն ինչ տեղի ունեցավ այս երկու շաբաթվա ընթացքում Երևանում մեծ դաս պետք է լինի և իշխանության և հասարակության համար։ «Սա առաջին նման փորձն էր ՀՀ նորագույն պատմության մեջ, երբ փորձ արվեց զենքի միջոցով հարց լուծել։ Սա իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ հաջորդիվ մեկ այլ խումբ, խմբավորում կմտածի, որ եթե «Սասնա ծռերին» կարելի է, ապա ինչու իրենց չի կարելի՝ իրենց պահանջներով այլ վայրերում ինչ որ օբյեկտներ գրավել։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այն ինչ արեցին տղաները, հանցագործություն է, որը հասարակության կողմից ընկալվեց որպես հերոսություն։ Սրա մեղավորը իշխանությունն էր, որը էլ ավելի խորացրեց հասարակության ու իշխանության միջև առկա անդունդը»,- եզրափակեց Համբարյանը։
Գյումրու ավագանու անդամ, լրագրողների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ դատելով Սերժ Սարգսյանի վերջին տեքստից, ինքը բացարձակ չի հասկացել ինչ է տեղի ունեցել, «ավելի ճիշտ հասկացել է իր խելքի չափով», հետևաբար լինի հաջորդ ՏԻՄ, թե ԱԺ ընտրություններ, ապա ինքը շարունակելու է իր վարքը իշխանության վերարտադրության ուղղությամբ։ «Առանց այդ էլ ՀՀկ-ն առանձնապես մի վարկանիշ էլ չուներ, հիմա մի այլ մակարդակի իջավ իրենց վարկանիշը, ինչը նշանակում է, որ շահելու են մյուսները։ Այ այդ մյուսի հարցն է օրախնդիր, թե ովքեր են լինելու նրանք։ Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի կորցրած ահռելի քվեները գնալու են ուրիշ ուղղությամբ»,- նկատեց Բարսեղյանը։ Նրան խոսքերով՝ կամ Սերժ Սարգսյանը կստեղծի մի քանի գրպանի կուսակցություն և ձայները կգնան նորից նրանց, կամ ընդդիմությունը կվերցնի այդ ձայները։ «Կարևորը իմ նշած մյուսի՝ այլընտրանքի հարցն է»,- եզրափակեց Բարսեղյանը։








































