Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունները դադարեցնելու հարցով հանրաքվեի օգտին հավաքված ստորագրությունների ավելի քան 1%-ը իրական է: Այս մասին հայտնում է NTN24 ալիքը:
Մամլո ասուլիսի ժամանակ Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան հայտնել է, որ համեմատվել են ստորագրած 400 հազար մարդու մատնահետքերը, և մոտ 98%-ը համընկել է խորհրդի տրամադրության տակ առկա տվյալների բազային:
Միևնույն ժամանակ, ստուգման ժամանակ 1.300 մատնահետքերի դեպքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ և խախտումներ, ինչի հետ կապված՝ այդ նյութերը ուղարկվել են դատախազություն՝ նշում է NTN24-ը:
Ավելի վաղ ընդդիմությունը մոտ 2 մլն ստորագրություն է հավաքել հօգուտ հանրաքվեի՝ առաջին փուլում անհրաժեշտ 200 հազարի փոխարեն: Միաժամանակ, իշխանությունները ճանաչել են դրանցից 1,3 մլն-ի իսկությունը: Այնուհետև իշխանությունների պահանջով ստորագրածները պետք է գնային դրա համար հատուկ պատրաստված կենտրոններ և հաստատեին իրենց անձը ու ստորագրությունը՝ մատնահետք թողնելով:
Այժմ ընդդիմության առաջ երկրորդ փուլն է, որում անհրաժեշտ է հավաքել ևս մոտ 4 մլն ստորագրություն, ինչից հետո, ըստ օրենքի, պետք է սկսվի հանրաքվեի գործընթացը:







































