Եգիպտոսի անվտանգության ծառայության աշխատակիցները «Մուսուլման եղբայրներին» տեղեկատվական աջակցություն ցուցաբերած Կատարի «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի գրասենյակում կատարել են խուզարկություն և ձերբակալություններ՝ փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Կատարի հեռուստաալիքի ներկայացուցչին:
Շաբաթ օրը Եգիպտոսի դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել «Ալ-Ջազիրայի» բյուրոյի ղեկավար Աբդելֆաթահ Ֆաեդին: Հեռուստաալիքի ներկայացուցիչը Դոհայում տեղեկացրել է, որ կիրակի օրը Ֆաեդին հարցաքննել են: Գործակալության տվյալներով՝ ավելի ուշ նրան ազատ են արձակել՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ոստիկանությունը խուզարկել և ձերբակալություններ էր կատարել Եգիպտոսից հեռարձակվող «Ալ-Ջազիրա Մուբաշեր Մասր» հեռուստաալիքի գրասենյակում: Հեռուստաալիքի ղեկավարությունը մեղադրվում է առանց իշխանությունների թույլտվության հեռարձակում իրականացնելու մեջ, որով խախտվում են Եգիպտոսի օրենքները:
Այս միջոցառումները իրականացվել են զինվորականների կողմից Մուհամմադ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո:
«Ալ-Ջազիրան» Հոսնի Մուբարաքի ժամանակներից սկսած տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում եգիպտական իսլամիստներին, այդ թվում նաև՝ «Մուսուլման եղբայրներին», տրամադրելով եթեր՝ այն դեպքում, երբ նրանց մուտքը պետական հեռուստաալիքներ արգելված էր:








































