Արմատական իսլամական քարոզիչ Աբու Կատադան Բրիտանիայից Հորդանան է ժամանել, որտեղ նրան հեռակա կարգով ցմահ ազատազրկման են դատապարտել՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Ինքնաթիռը Հորդանանի Մարկա ռազմական օդանավակայանում վայրէջք կատարելուն պես՝ քարոզչին հանձնել են քննիչներին: Նրան կհարցաքննեն Կատադայի գործով կրկնակի դատական գործընթաց սկսելուց առաջ: Հորդանանում նշում են, որ դատը կանցկացվի միջազգային նորմերի համաձայն՝ թափանցիկ և անաչառ: Հարցաքննելուց հետո Կատադային կառաջադրվի ահաբեկչության պաշտոնական մեղադրանք: Կրկնակի դատական գործընթացը կանցկացվի հորդանանյան օրենքների համաձայն, որոնք թույլ են տալիս դատական նոր գործ սկսել այն դեպքում, եթե վճիռը հեռակա կարգով է կայացվել:
Աբու Կատադան Բրիտանիայից վտարվել է հուլիսի 7-ի գիշերը: Կատադան պնդել է, որ իրեն չեն կարող Հորդանան ուղարկել, քանի որ այնտեղ իրեն սպասվում է ոչ արդարացի դատավարություն: Բրիտանիայի իշխանությունները նրա վտարման գործընթացի վրա ծախսել են 2 միլիոն եվրո:
Աբու Կատադան 1993թ. սկսած ապրել է Բրիտանիայում: Նա արմատական իսլամի ամենահեղինակավոր գաղափարախոսներից է, ինչպես նաև Ուսամա բեն Լադենի դաշնակիցներից մեկը: Ահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ Ամանի ամերիկյան դպրոցում, կազմակերպելու մեղադրանքով 1999թ. նրան Հորդանանում հեռակա կարգով դատապարտել են ցմահ ազատազրկման: 2000թ. մեկ այլ գործով՝ Հորդանանում զբոսաշրջիկների վրա հարձակում նախապատրաստելու մեղադրանքով նրան դատապարտել էին 15 տարվա ազատազրկման:









































