«Չեմ կարծում, թե զինյալ խմբի տղաների գործողությունների վրա որևէ արտաքին ազդեցություն կա: Ճանաչելով նրանցից ոմանց, գիտեմ, որ նրանք մարդիկ են, ովքեր ունեն գաղափարներ, հավատում են դրանց և այդ գաղափարները կյանքի կոչելու համար կարող են գնալ ծայրահեղ քայլերի: Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ սա ներքին որոշում է եղել, պարզապես խնդիրները լուծելու նման մոտեցում են որդեգրել»,- ստեղծված իրավիճակի հիմնական պատճառների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով որ որևէ կերպ չի արդարացնում նման մոտեցումը՝ ՊՊԾ գնդի վրա հարձակումը և զենքի ուժով երկրի ներսում որևէ խնդրի լուծումը:
Հասարակության մեջ տրամադրություններ կան այն մասին, որ իշխանությունները պատրաստակամ են Ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումների գնալ: Ժիրայր Սեֆիլյանը և նրա կողմնակիցներն ամենաարմատական դիրքորոշումն ունեն այս հարցում՝ ոչ մի զիջման չգնալ: Հարցին արդյո՞ք այս գործոնը կարող էր դրդել «Սասնա ծռեր»- ին, դիմել նման քայլի, որպեսզի կասեցնեն հնարավոր զիջումների գնալու գործընթացը, քաղաքագետը պատասխանեց, որ լավ ծանոթ լինելով բանակցային գործընթացին, վստահ կարող է ասել, որ նման գործընթաց չի եղել, տարածքներ հանձնելու մասին խոսակցություններն ավելի շատ փորձագիտական էին… «Ապրիլից հետո իրավիճակ է փոխվել, եթե չկա բանակցային գործընթաց, ապա ինչպե՞ս կարելի է խոսել տարածքներ զիջելու մասին: Սակայն հնարավոր է, որ այդ վախերն ինչ-որ չափով ազդել են Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների գործողությունների վրա: Իշխանություններն իրենց մեղքի բաժինն ունեն, քանի որ նրանց կողմից հստակ ազդակներ չտրվեցին, որ տարածքներ չեն հանձնվելու: Ավելին՝ միջազգային հանրության կամ միջնորդների համար նախատեսված հայտարարություններից ելնելով՝ հասարակությունը ինչ-որ չափով ապակողմնորոշվեց»,- նշեց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս պահին որևէ լուծում պարզապես հնարավոր չէ Ադրբեջանի հետ հակամարտությունում: Քաղաքագետը կանխատեսում է, որ շատ մոտ ապագայում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































