Մինչ Ֆրանսիայի նախագահը ԱՄՆ-ից բացատրություններ էր պահանջում Սնոուդենի հրապարակած լրտեսական խաղերի վերաբերյալ, ֆրանսիական «Լե Մոնդը» հրապարակել է տեղեկություն, որ երկրի հատուկ ծառայությունները գաղտնի տեղեկություններ են հավաքում քաղաքացիների մասին: Լրտեսական սկանդալներն աշխարհում կարծես թե դարձել են բավականին հաճախակի իրողություններ: Ընդհանրապես, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո համաշխարհային կծիկը կարծես թե քանդվում է: Նախ տնտեսական բուրգերն են փլվում, հետո դիվանագիտական նամակագրություններն են բացահայտվում, հիմա՝ հատուկ ծառայությունների գործողությունները, որոշ ժամանակ առաջ օֆշորային պայթյուն եղավ՝ և՛ Վիրջինյան կղզիներում, և՛ մի շարք այլ օֆշորային գոտիներում գրանցված տվյալներ հրապարակվեցին, իսկ «Մեծ ութնյակի» երկրների ղեկավարներից ոմանք էլ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, հայտարարեցին, որ օֆշորային գոտիները պետք է դառնան թափանցիկ:
Թե որն է լինելու հաջորդ շերտը, որ կբացվի, դժվար է ասել, սակայն այնպիսի տպավորություն է, որ աշխարհը, այսպես ասած, բացվում է շերտ առ շերտ: Միամտություն կլինի կարծելը, որ այդ ամենը կգնա մինչև համաշխարհային կառավարման բուրգի լիակատար մերկացման: Սակայն գործընթացը բավական հետաքրքիր է և այն, անկասկած, իր ազդեցությունն է թողնելու նոր աշխարհակարգի վրա, իսկ գուցե և նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի մասերից, միջոցներից մեկն է:
Այս իրավիճակում հատկապես ուշադրության արժանի են դառնում, այսպես ասած, փոքր երկրների կառավարությունները: Եթե մեծ երկրներն են հայտնվում բացահայտումների կամ փոխադարձ մերկացումների պտտահողմի մեջ, փոքր երկրների «անպաշտպանության» մասին խոսելը լիովին ավելորդ է: Հարցն ընդամենն այն է, թե որ փուլում որ փոքր կառավարությունը կդառնա համաշխարհային գործընթացի «զոհերից» մեկը:
Հայաստանում արդեն իսկ ի հայտ եկել է օֆշորների հետ կապված մի աղմկոտ պատմություն, որտեղ շոշափվում է վարչապետի անունը: Կասկած չկա, որ Հայաստանի իշխանություններն այդ տեսանկյունից խոցելի կարող են լինել տասնյակ, գուցե նույնիսկ հարյուրավոր այլ գործերով: Ընդ որում, փոքր կառավարությունների համար գլխավոր խնդիրն այն է, որ իրադարձությունների վրա ազդելու լծակներ դրանք չունեն, և նրանց մնում է միայն սպասել՝ փորձելով գուշակել, թե ինչը որտեղից կարող է դուրս լողալ: Սակայն, ներկայումս միջազգային ասպարեզում այդ գործընթացն այնպիսի թափ է հավաքել, որ նույնիսկ դուրս լողալու հնարավոր տաբերակները ճշտելն ու հետևելը դառնում է գործնականում անհնար, իսկ սպասումը՝ առավել ծանր: Ի վերջո, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «Երկու վախը մի մահ է»: Եվ այս իրավիճակում, փոքր կառավարություններին երևի այլ ելք չի մնում, քան պարզապես զբաղվել ինքնաբացահայտումով՝ «ինքնակամ խոստովանությունը թեթևացնում է հանցանքը» տրամաբանության շրջանակում:











































