«Նոր Յառաջ»-ի փոխանցմամբ՝ Նիսի նախկին ծխական խորհրդի հետ հնգամյա բախումների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանյալի՝ Նիսի նախկին հոգևոր հովիվի պատճառով Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարական է տվել հետևյալ պաշտոններից՝ Ֆրանսիայի թեմի առաջնորդությունից, Արևմտյան Եվրոպայի կաթողիկոսական պատվիրակությունից և Հայ Առաքելական եկեղեցու Հոգևոր խորհրդի անդամությունից։ Հրաժարականը ուժի մեջ կմտնի 2013-ի նոյեմբերի 1-ից։
Կիրակի՝ հունիսի 30-ին, Ժնև կատարած այցելությունից վերադառնալիս՝ Փարիզի օդանավակայանի VIP սրահում, որում էին նաև Հայաստանի ղեկավար դասի մի շարք ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիմանել է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ Ստրասբուրգի հոգևոր հովիվ Վաչե քահանա Հայրապետյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մեջ թերանալու մեղադրանքով։ Նա նույնիսկ սպառնացել է նրան կոչումից զրկել։
Տեր Վաչեն, ինչպես գիտենք, դատական հետապնդման մեջ է։ Ողջմտությունը հուշում էր, որ նա չպետք է պաշտոնավարի մինչև անմեղ ճանաչվելը, կամ մինչև նրա դեմ հարուցված քրեական գործերը չկարճվեն։
Ավելին՝ ըստ թեմական կանոնադրության՝ աշխատանքային պայմանագրի կնքումը թեմական կամ ծխական խորհուրդների գործն է և ոչ՝ եկեղեցական իշխանության։ Եթե որևէ դժգոհություն կա, այն, բնականաբար, պետք է հղվի Թեմի աշխարհական վարչությանը։ Այս վերջինս է իրավասու դրա իրավասության սահմանները ճշտել այս խնդրի կապակցութամբ։
Անկասկած, Նիսի հոգևոր հովիվի վերաբերյալ այս վերջին դրվագը լցրել է Նորվան Սրբազանի համբերության բաժակը։ Նա սիրված ու հարգված անձնավորություն է՝ հայտնի որպես հեզահամբույր և եկեղեցական բարձր գիտակցությամբ սպասավոր, զորավոր պաշտպան ինչպես Էջմիածնի Աթոռի, այնպես էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումների։ Այս պահին ո՞ր եկեղեցականը կկարողանա նրան փոխարինել. նա ճիշտ անձն էր, ճիշտ պահի, ճիշտ դիրքում։
Սրբազանի հրաժարականի լուրը զարմանալիորեն շատերին արթնացրեց իրենց թմբիրից։ Տագնապներ կան, որոնք ենթադրում են նոր ժամանակաշրջան, նոր հարաբերություններ։ Այս մեկը հավանաբար հղի կլինի էական փոխակերպումների ունակությամբ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ֆրանսիայի թեմի միջև առողջ հարաբերություններ հաստատելու առումով։ Առիթը պետք չէ բաց թողնել։








































