Հուլիսի 4-ին Չինաստան Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամմադ Նաջարի կատարած այցի ընթացքում Թեհրանը և Պեկինը հուշագիր են ստորագրել անվտանգության հարցերում փոխըմբռնման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
«Չինաստանը կարող է համարվել Իրանի ռազմավարական գործընկեր: 2 երկրների միջև անվտանգության վերաբերյալ ստորագրված հուշագիրը կարող է տարածաշրջանում համագործակցության նոր ոլորտ բացել»,- ասել է Նաջարը:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ 2 երկրների միջև անվտանգության վերաբերյալ հուշագիրը շրջադարձային կդառնա իրենց երկկողմ համագործակցության առումով, որն առանց այն էլ տարբեր ոլորտներում ( թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի) բարձր մակարդակի վրա էր։








































