1:0 հօգուտ Շակիրայի: Ժնևի դատարանը մերժել է Շակիրայի նախկին սիրեցյալ Անտոնիո դե լա Ռուայի հայցը, որով նա պահանջում էր իրեն տալ Շակիրայի բազմամիլիոնանոց հաշիվներից մեկը, այն է՝ շվեյցարական բանկի հաշիվը, որտեղ, ըստ նրա, պահվում են այն գումարները, որոնք նրանք միասին են վաստակել:
Հիշեցնենք, որ Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնիո դե լա Ռուան արդեն գրեթե մեկ տարի փորձում է իր նախկին սիրելիից դատարանի միջոցով հետ վերցնել 100 մլն դոլար: Այդ պահանջը հիմնավորվում է նրանով, որ շնորհիվ Անտոնիոյի մենեջերական աջակցության՝ երգչուհին կարողացել է մի քանի խոշոր պայմանագրեր ստորագրել ամերիկյան ստուդիաների հետ և դառնալ համաշխարհային մեծության աստղ:
Գլխավոր խնդիրն այն է, որ եկամուտը կիսելու համաձայնությունը բանավոր է եղել, այդ պատճառով Ժնևի դատարանը որոշումը կայացրել է հօգուտ երգչուհու: «Չափազանց քիչ են ապացույցները»,- ասել է դատավորը:
Դատական հաջորդ լսումները կայանալու են Լոս Անջելեսում, իսկ Շակիրան արդեն փաստաթղթեր է ներկայացրել, որտեղ ապացուցվում է երիտասարդի պահանջների անհիմն լինելը: Դա 2011 թ. հունվարին Շակիրայի մորն ուղարկած դե լա Ռուայի նամակն է:
«Իմացեք, ես Շակիրայի գործընկերը չեմ ոչ մի ընկերությունում: Մեզ մոտ ամեն ինչ հստակ է, նա բիզնեսի միակ սեփականատերն է»,- նշվում է նամակում:











































