Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Ղարաբաղյան շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ի մոնիթորինգային խմբի ընդլայնման մասին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են այն պարտավորությունների կատարման ուղղությամբ, որոնք նախագահները ստանձնել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում՝ լարվածության նվազման ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման համար:
Նախագահները համաձայնության են եկել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ: Պլանավորված է շարունակել հակամարտության կարգավորման վերաբերյալ մասշտաբային բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ:
Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության նվազեցման համար»,- ասել է Ուորլիքը: