Երեկ Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Ոչ «Հանցաքարի» հարսանիքներին» ակցիայի ժամանակ մի իրադարձություն է տեղի ունեցել, որը ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախաձեռնած ոստիկանական «բարեփոխումներն» այլևս կայացել են: Ակցիայի մասնակիցների եւ լրագրողների մոտ կանգնած Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ռացիան այնքան բարձր է միացած եղել, որ բոլորը լսել են ոստիկանների խոսակցությունները: Եւ հանկարծ ռացիայի միջից լսվել է հետեւյալ արտահայտությունը. «մեկ էլ մի էրկու հոգի թափթփուկ լրագրողներ»:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցն անմիջապես Օսիպյանից փորձել է պարզել, թե կոնկրետ որ ոստիկանն է այդ արտահայտության հեղինակը: Գնդապետ Օսիպյանը սկսել է համոզել, որ խոսքը լրագրողների մասին չէ, այլ իրենք կոդերով են խոսում: Անգամ ներողություն է խնդրել, բայց չի բացահայտել «թափթփուկ» արտահայտության հեղինակին: Այլեւս կարելի է արձանագրել, որ Վովան իր ոստիկանությունում վերջնականապես ձեւավորվել է հատուկ վերաբերմունք լրագրողների նկատմամբ:
Շարունակությունը կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































