Մեծ Բրիտանիան ընդլայնել է Կահիրեում իր դիվանագետների թիվը՝ անհրաժեշտության դեպքում երկրում գտնվող բրիտանացիներին աջակցությամբ ապահովելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:
«Բրիտանացի զբոսաշրջիկների մեծ մասը գտնվում են Կարմիր ծովի առողջարաններում, ինչպիսին է Շարմ-էլ-Շեյխը, իսկ այնտեղ ամեն ինչ նորմալ է: Ոչ մի լուրջ միջադեպեր այնտեղ չկան, օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով, չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի: Սակայն մենք դիվանագետների հավելյալ խումբ ենք ուղարկել՝ Կահիրեում մեր դեսպանության ուժեղացման համար, այնպես որ՝ նրանք կարող են անհրաժեշտության դեպքում հավելյալ աջակցություն ցուցաբերել բրիտանացիներին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Թագավորությունը պատրաստ է այլ միջոցառումներ էլ ձեռնարկել:
Նախարարը հայտնել է, որ հասցրել է հեռախոսազրույց ունենալ իր եգիպտացի գործընկերոջ հետ և արտահայտել Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը: Մեծ Բրիտանիան դեմ է իշխանության ռազմական տապալմանը, անհրաժեշտ է համարում վերադարձը դեպի ժողովրդավարական գործընթաց, ազատ ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, տնտեսության աշխուժացմանն ուղղված միջոցառումների անհապաղ ընդունում:









































