Մեծ Բրիտանիան կարծում է, որ Եգիպտոսի բանակը չպետք է միջամտի ժողովրդավարական հասարակության քաղաքական կյանքին: Այս մասին այսօր հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը՝ մեկնաբանելով Եգիպտոսում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք չենք աջակցում զինվորականների միջամտությանը՝ որպես ժողովրդավարական համակարգում վեճերի լուծման միջոց: Եգիպտոսում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ: Մենք եգիպտական բոլոր ուժերին կոչ ենք անում դրսևորել զսպվածություն և խուսափել բռնությունից»,- ընդգծել է նա:
Հեյգի խոսքով՝ երկրի առաջնորդները պետք է պատասխան տան տնտեսական և քաղաքական արագ առաջընթացին ուղղված եգիպտացի ժողովրդի ձգտմանը:
«Մեր կարծիքով՝ Եգիպտոսին անհրաժեշտ է քաղաքական գործընթաց, որը իրավահավասար հիմքով կներառի բոլոր խմբերն ու արագ կտանի քաղաքացիական կառավարության ստեղծման և ազնիվ ընտրությունների, որին կարող են մասնակցել բոլոր կուսակցությունները»,- նշել է բրիտանացի արտգործնախարարը: Նրա կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում միայն ժողովրդավարությունը կարող է Եգիպտոսին տալ կայունություն ու բարգավաճում:









































